12/10/2021 18:30
Փաշինյանին հերթական անգամ կանչել են Մոսկվա՝ ինչ-որ բանի մասին տեղյակ պահելու. Կարեն Քոչարյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարման օրոք Հայաստանի հետ ոչ մի բան չեն քննարկում. Հայաստանին ընդամենը տեղյակ են պահում սպասվելիք զարգացումների մասին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով Փաշինյան-Պուտին՝ Մոսկվայում այսօր կայանալիք հանդիպմանը։
«Հիմա էլ Փաշինյանին հերթական անգամ կանչել են՝ ինչ-որ բանի մասին տեղյակ պահելու։ Սա փաստ է՝ ջրի երեսին եղած պարզ իրականություն։ Ինչ էլ լինի, հավանաբար, տեղյակ կպահեն, կիմանանք, կամ գուցե հերթական անգամ չենք էլ իմանա։ Եթե հարմար գտնեն, ինֆորմացիա կտան, հարմար չգտնեն՝ չեն տա»,- ասաց Կարեն Քոչարյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
Մոսկվայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
Կողմերը կքննարկեն 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, տարածաշրջանում կայունության ամրապնդման, տնտեսական կապերի վերականգնման հետագա քայլերին ու տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցեր։