12/10/2021 16:52
Փաշինյան-Պուտին հանդիպումից որևէ ակնկալիք չպետք է ունենալ, որովհետև Հայաստանն այլևս ունակ չէ բանակցել, առավել ևս՝ գնալ սակարկությունների. Քաղաքագետ
Փաշինյան-Պուտին այսօրվա հանդիպումից որևէ ակնկալիք չպետք է ունենալ, որովհետև Հայաստանի Հանրապետությունն այլևս ունակ չէ ունենալ սեփական օրակարգ և դրա շուրջ գնալ փոխգործակցության կամ համագործակցության, առավել ևս՝ սակարկությունների, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։
«Այսօր Հայաստանի Հանրապետությունն այլևս տարանցիկ գոտի է, ոչ թե աշխարհաքաղաքական դերակատար կամ տարածաշրջանում անվտանգության երաշխավոր։ Այլևս նման բան չկա։ Որքան էլ ցավալի է, Հայաստանի Հանրապետությանն առավելագույնը տեղեկացնում են կատարվելիքի վերաբերյալ, բայց ոչ երբեք՝ բանակցում։ Այլևս «բանակցել» եզրույթ չկա», - ասաց քաղաքագետը։
Սուրեն Պետրոսյանի խոսքով՝ եթե նախկինում Արցախյան հիմնախնդրի շուրջ բանակցություններում որպես անկյունաքարային եզրույթ կիրառվում էր «փոխզիջում» բառը, ապա այժմ փոխզիջում հասկացություն չկա։
«Արցախի խնդիր կարծես չկա, փոխզիջում՝ ևս, որովհետև դերակատարները գիտեն, որ իմաստ չունի գնալ փոխզիջման, եթե կարող են ինչ-որ բան ստանալ՝ դրա դիմաց ոչինչ չտալով։ Իսկ Հայաստանն այս պարագայում այլևս դերակատար չէ։
Եթե իրանցի բարձրաստիճան գեներալները հայտարարում են, որ Ադրբեջանի կողմից սահմանային հնարավոր սադրանքների դեպքում Հայաստանին չեն հարցնի, այլ միանգամից մուտք կգործեն և գործողություններ կիրականացնեն, սա արդեն ինչ-որ բան նշանակում է։
Մենք չպետք է կեղծ օրակարգերով խաբենք ինքներս մեզ։ Հայաստանի Հանրապետության շահն այժմ կարող է սպասարկվել բացառապես անուղղակի կերպով, այնքանով, որքանով այն կհամընկնի առանցքային դերակատարների՝ Իրանի և Ռուսաստանի շահերին», - ասաց Պետրոսյանը։
Քաղաքագետը նաև հռետորական հարց հնչեցրեց՝ Հայաստանն ինչի՞ վրա հենվելով պետք է բանակցի, եթե չունի մարտունակ բանակ և հզոր պետություն ու պետականություն։
«Պետության նվազագույն սահմանումն այն է, որ դուք ունեք առանձնացված սահմաններ և կարողանում եք ապահովել այդ սահմանների անվտանգությունը։ Այսօր մենք ոչ սահման ունենք, ոչ էլ կարողանում ենք սահմանների անվտանգություն երաշխավորել։ Հետևաբար, Հայաստանը որևէ բան չի կարող բանակցել», - ամփոփեց Սուրեն Պետրոսյանը։