12/10/2021 17:34
Իրանը որոշակի տեղեկություններ կամ վերլուծություն ունի, որ Հայաստանը կամ ինչ-որ բան պետք է ստորագրի, կամ թուրք-ադրբեջանական տանդեմը Սյունիքում ինչ-որ բան է ուզում իրականացնել․ միջազգայնագետ
«Իրանն Ադրբեջանի հետ սահմանին զորքի կուտակումն իրականացրել է նաև այն պատճառով, որ որոշակի տեղեկություններ կամ, միգուցե, վերլուծություն ունի առ այն, որ Հայաստանը կամ ինչ-որ բան պետք է ստորագրի, կամ թուրք-ադրբեջանական տանդեմը Սյունիքում ինչ-որ բան է ուզում իրականացնել, որովհետև Սյունիքը, ինչպես նաև Հայաստանը, Իրանի համար արտաքին սահման են, իսկ իր արտաքին սահմանի կորուստը՝ ցանկացած ձևով, լուրջ խնդիր է Իրանի համար, ինչի մասին նա հայտարարել է»,- վերլուծելով տարածաշրջանային իրողությունները՝ կարծիք է հայտնել միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ «106,5 լրատվական ռադիո»-ի եթերում։
Միջազգայնագետն ընդգծել է, որ ԱՄՆ իր հերթին, որպես Իրանի հիմնական հակառակորդ, բոլոր ռազմավարական փաստաթղթերում ֆիքսում է, որ Իրանին իզոլացնելու տարբերակներից մեկն էլ նրա արտաին սահմանների կրճատումն է։
«Սա Իրանը գիտի և հասկանում է, որ Թուրքիայի ձեռամբ հնարավոր է այս քաղաքականության իրականացումը կամ միա՛յն Թուրքիայի ձեռամբ է հնարավոր այս քաղաքականության իրականացումը»,- ասել է Սուրեն Սարգսյանը։
Ստեղծված իրավիճակում Հայաստանի անելիքի մասին խոսելն, ըստ միջազգայնագետի, բարդ է, քանի որ տեսանելի չէ, թե ինչ է ընդհանրապես անում Հայաստանը։
«Տպավորություն է, որ տարածաշրջանում բոլոր պրոցեսները տեղի են ունենում Հայաստանի զիջումների հաշվին։ Այսինքն, Հայաստանն իր դիրքերն է զիջում բոլոր առումներով՝ թե՛ ռազմական, թե՛ քաղաքական, թե՛ դիվանագիտական, թե՛ տնտեսական։ Երբ խոսում են կոմունիկացիաները բացելու մասին, շատ դժվար է պատկերացնելը, թե հայ գործարարներից ո՞վ իր ապրանքը պետք է Ադրբեջանով Ռուսաստան ուղարկի, ինչն ավելի երկար է, թանկ է և, բնականաբար, ավելի վտանգավոր, քան վրացական տարբերակը։ Այսինքն, ո՞վ է ում համար կոմունկացիա բացում, սա էլ մեծ հարց է։ Արդյոք Հայաստա՞նն է ապաշրջափակվում, թե՞, միգուցե, մենք ենք ապաշրջափակում Ադրբեջանը՝ նրան ուղիղ կապ տալով Նախիջևանի հետ՝ դա կլինի ճանապարհով, թե «միջանցքով», քննարկման այլ հարց է»,- ասել է Սուրեն Սարգսյանը։