12/10/2021 10:36
Սպանություն՝ Երևանում. հյուր եկած ՌԴ քաղաքացուն դանակի մի քանի հարվածով սպանել են. պատճառը ավտոմեքենայի կայանումն է եղել
Այսօր սպանություն է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 01։40-ի սահմաններում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ թաղամասի Ամառանոցային 1-ին տարածքի տներից մեկի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ մի քաղաքացու դանակահարել են։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 01։30-ի սահմաններում նշված տարածքի 51Ա և 53 հասցեների մոտ վիճաբանություն է տեղի ունեցել ավտոմեքենան կայանելու համար, որի ժամանակ Ամառանոցային 1-ին տարածքի փողոցի բնակիչ՝ 46-ամյա Էղիշ Գ-ն դանակով հարվածներ է հասցրել նշված փողոցում հյուր եկած ՌԴ քաղաքացի, 46-ամյա Նելսիկ Կ-ին, ում ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հարևանը իր ավտոմեքենայով տեղափոխել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին վերջինս գիտակցության չգալով՝ մահացել է։
Ստեղծվել է քննչական խումբ. փաստի առթիվ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։