13/10/2021 11:21
Հնդկաստանի հետ հարաբերությունների հետագա ընդլայնումը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է. Արարատ Միրզոյան (Տեսանյութ)
Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցությունը զարգանում է առևտրի, կրթության, մշակույթի, առողջապահության, գիտության, պաշտպանության և միջմարդկային փոխանակումների ոլորտներում և մեր սպասելիքները իրականում երկկրողմ համագործակցության առումով շատ ավելին են, Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Հնդկաստանի հետ հարաբերությունների հետագա ընդլայնումը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է», - ասաց նախարարը՝ նշելով, թե պլանավորել են անցկացնել երկկողմ քաղաքական խորհրդակցություններ և միջկառավարական հանձնաժողովի հերթական համատեղ նիստը։
Միրզոյանը երախտագիտություն հայտնեց Հնդկաստանի կողմից տեխնիկական և մարդասիրական օգնության շրջանակներում տրամադրվող աջակցության համար։
ՀՀ ԱԳ նախարարը հայտարարեց նաև, որ Հնդկաստանը կարող է նպաստել Հարավային Կովկասում կայունությանը և խաղաղությանը։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 12-13-ը պաշտոնական այցով Հայաստանում է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը: