13/10/2021 13:22
Նացիզմն Ադրբեջանի համար կրոնի է վերածվել, մենք շատ լավ պետք է պատկերացնենք, թե ում հետ գործ ունենք․ Դավիթ Բաբայան
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը 168․am-ի հետ զրույցում ահաբեկչություն է որակել ադրբեջանցի դիպուկահարի կողմից Արցախի Մարտակերտ քաղաքի խաղաղ բնակչի սպանությունը։
«Դա ահաբեկչություն էր, նացիզմի դրսևորում, որովհետև մարդը պարզապես գյուղատնտեսական աշխատանքներ էր կատարում։ Նման քայլով Ադրբեջանը, փաստորեն, ցույց տվեց, որ սա է իր նպատակը՝ ոչնչացնել Արցախը, առավել ևս, որ այդ մարդը շրջապատված է եղել խաղաղապահներով»,- ասել է Բաբայանը։
Նա ընդգծել է, որ նացիզմն Ադրբեջանի համար կրոնի է վերածվել։
«Հայության դեմ է այդ ատելությունը, նաև ցանկանում են հարվածել ռուս-հայկական եղբայրությանը։ Սա իրենց ոճի մեջ լիովին տեղավորվող քայլ է։ Մենք շատ լավ պետք է պատկերացնենք, թե ում հետ գործ ունենք։ Պետք է երբեք զգոնությունը չկորցնել, նաև պետք է բացառել որոշ դեմագոգների, քանի որ տեսնում եք, թե որոշ մարդիկ ինչպիսի հայտարարություններով են հանդես գալիս․ կարծես թե, սպասում են նման մի բանի, որպեսզի հարված հասցնեն ռուս-հայկական եղբայրությանը՝ հասկանալով կամ չհասկանալով»,- ասել է Արցախի ԱԳ նախարարը։