13/10/2021 13:12
Արցախի և ողջ հայ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից մեկ տարի անց մեր պետության կողմից իրավիճակին լիարժեք գնահատական չի տրվել. Սեյրան Օհանյան (Տեսանյութ)
«Անցել է մեկ տարի Ադրբեջանի կողմից Արցախի և ողջ հայ ժողովրդի նկատմամբ սանձազերծած պատերազմից և մեր պետության , համապատասխան գերատեսչությունների կողմից լիարժեք գնահատական չի տրվել իրավիճակին, որովհետև բազմաթիվ թերություններ կան, որոնք վերաբերում են պետական կառավարման, ռազմական կառավարման և այլ ոլորտներին, և չափազանց դժվար է, երևի թե, մեր պետական կառավարման համակարգին ինքն իրեն գնահատական տալ»,- «Տեղահանված ու բռնագրավված Հադրութ. մեկ տարի անց. հիմնահարցեր և մարտահրավերներ» խորագրով քննարկմանն ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ հայացք նետելով պատերազմից մեկ տարի անց Հայաստանի շուրջ և Արցախում ստեղծված իրադրությանը։
«Տեղահանված ու բռնագրավված Հադրութ. մեկ տարի անց. հիմնահարցեր և մարտահրավերներ» խորագրով հանրային քննարկումը «Հայաստան» խմբակցությունը կազմակերպել է Հադրութի օկուպացիայի տարելիցի կապակցությամբ։ Ինչպես քննարկման սկզբում նշեց խմբակցության մեկ այլ պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ սա առաջին փորձն է՝ տարբեր գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ քննարկելու, ցանկագրելու առկա բոլոր խնդիրները՝ վերաբերող տեղահանված հադրութցիների իրավունքներին ու շահերին, խորհրդարանական լծակներն օգտագործելով՝ բարձրաձայնելու դրանց մասին։
ԱԺ «Հայաստան» խմբակցության կազմակերպած հանրային քննարկմանը մասնակցում են վերջին մեկ տարվա ընթացքում ստեղծված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք զբաղվում են տեղահանված հադրութցիների խնդիրներով, նաև ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի պետը, Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցիչը, ՀՀ ՄԻՊ-ի, ԱԺ ՄԻ պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչները։
Ինչպես հայտնեց Գեղամ Մանուկյանը, քննարկմանը մասնակցելու հրավեր ուղղվել է նաև ՀՀ ԿԳՄՍՆ-ին, Առողջապահության նախարարությանը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։ Արձագանքել և մասնակցություն ապահովել է միայն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։