14/10/2021 16:34
Ադրբեջանը և Թուրքիան չեն գա բանակցությունների․ կտանեն-կբերեն, կձգձգեն բանակցային պրոցեսը․ քաղաքագետ
Շատ դժվար կլինի ադրբեջանական կողմին նստեցնել բանակցային սեղանի շուրջ, «Արմենպրեսի» հետ զրույցում կարծիք է հայտնել քաղաքագետ Գարիկ Քեռյանը։
«Քանի որ բանակցային սեղանին մնացել է միայն Արցախի կարգավիճակի հարցը, ինձ թվում է՝ Ադրբեջանը ոչ մի պայմանով չի նստի բանակցությունների սեղանի շուրջ: Իսկ եթե հանկարծ ու մեկ էլ համանախագահները մեջբերեն ԼՂԻՄ-ի տարածքային ամբողջականության վերականգնման կետը, որը կստիպի Հադրութը և Շուշին բերել ինչ-որ մի ընդհանուր վարչական միավորի մեջ, ապա դա իրենց համար կնշանակի ազդեցության կորուստ: Դրա համար Ադրբեջանը և Թուրքիան չեն գնա բանակցությունների: Կխոսեն, կտանեն-կբերեն, կձգձգեն՝ ինչպես 26 տարի ձգձգվել է բանակցային պրոցեսը», - ասել է քաղաքագետը:
Գարիկ Քեռյանի կարծիքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցությունների վերսկսման հարցում Ադրբեջանի դիրքորոշումը մեծապես կախված է Թուրքիայի դիրքորոշումից, քանի որ Ադրբեջանի Հանրապետությունը վաղուց արդեն անկախ պետություն չէ, այլ՝ Թուրքիայի պրոտեկտորատի տակ գտնվող տարածք:
«Եթե ուզում եք իմանալ՝ Ադրբեջանը կնստի՞ բանակցությունների, թե ՞չի նստի, ապա պետք է փոխեք Ձեր հարցը՝ Թուրքիան կնստի՞ բանակցությունների, թե՞ չի նստի: Իսկ Թուրքիան, ինչպես գիտեք, թքած ունի ամեն ինչի վրա: Պետք լինի՝ ամերիկացիների դեմ էլ են գնում: Դրա համար ես ենթադրում եմ, որ կարող է կամ ձգձգեն բանակցությունները, կամ խաբեն, կամ էլ ընդհանրապես չգան», - մեկնաբանել է քաղաքագետը: