14/10/2021 19:18
Ինձ թվում է՝ Էրդողանին բավականին ուժեղ դեղերով ոտքի վրա են պահում․ նա կարող է չհասցնել մինչև 2023 թվականը․ թուրքագետ
«Եթե այդ ամերիկյան լրատվամիջոցն ասում է դրա մասին, ուրեմն ինչ-որ մի բան, իսկապես, կա, ինչը բացահայտվում է։ Սա տեղեկատվության արտահոսք է։ Կասկածում եմ, որ ամերիկյան պետությունն էլ կարող է սրա հետևում կանգնած լինել»,- «FM 106,5» ռադիոկայանի եթերում ասել է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը՝ անդրադառնալով ամերիկյան հեղինակավոր «Foreignpolicy» ամսագրում հրապարակված հոդվածին, որում գրված է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հիվանդ է և չի կարողանալու կառավարել երկիրը։
Թուրքագետը շեշտել է, որ ամերիկյան մամուլը բավականին լավ նյութական միջոցներ ունի, որոնցով դռներ է բացում իր առաջ, ունի նաև շատ լավ կապեր, ուստի նման տեղեկատվություն կարող էր ձեռք բերել։ Եթե նույնիսկ այդ տեղեկատվությունն ամսագրի ձեռք բերածը չէ, ուրեմն այդ լուրը, ըստ Լոքմագյոզյանի, նրան պարզապես տրամադրվել է ամերիկյան պետության կողմից։
«Գաղտնիք չէ, որ ամբողջ աշխարհում պետությունները որոշ լրատվամիջոցների կամ որոշ ճանաչված լրագրողների հետ աշխատում են։ Ամերիկյան պետությունը կարող է ինչ-ինչ նպատակներով ինչ-որ խայծ տված լինել, նրանք էլ այդ լուրը թողարկեն»,- ասել է նա։
Թուրքագետը միևնույն ժամանակ ուշադրություն է հրավիրել նաև այն փաստի վրա, որ Թուրքիայի նախագահի հիվանդության մասին լուրերը բոլորովին էլ նոր չեն, բացի այդ, Էրդողանի տեսքն ու կեցվածքը, շարժուձևը, նույնիսկ խոսքի արագությունը շեշտակի փոխվել են, նա ասես միանգամից ծերացել է, ինչը վկայում է, որ առողջական լուրջ խնդիրներ ունի։
«Ինձ թվում է, որ վերջին տարիներին նրան բավական ուժեղ դեղերով ոտքի վրա են պահում։ Այդպես է երևում նրա տեսքից, շարժուձևից։ Անգամ խոսելաոճն է ծանրացել, ինչ-որ բան կա։ Հաշվի առնենք նաև, որ նրա սարքած այդ նոր, հսկայական նախագահական պալատը ՝ 999 սենյակներով և ալն, իր մեջ ունի նաև հիվանդանոց՝ նախատեսված իր և ընտանիքի համար, և այն այնպես է կահավորված, որ ամենաբարդ վիրահատությունն էլ կարելի է անել»,- ասել է թուրքագետը՝ չբացառելով, որ Էրդողանն այսպիսիով նաև «կանխարգելիչ» քայլ է արել։
Տիրան Լոքմագյոզյանը նշել է նաև, որ Էրդողանը կարող է չհասցնել ավարտին հասցնել 2023 թվականին «բոլորովին այլ Թուրքիա» ստեղծելու իր նպատակը, թեպետ այդ ուղղությամբ քայլեր արել է։
«Մեծ մասամբ կատարեց ինչ-որ բաներ՝ հատկապես Արցախի, Հայաստանի դեմ պատերազմում առաջ գնաց, սակայն դեռ չի հասցրել միջանցքն ստանալ, որ Թուրանը կազմի։ Այսինքն, նա գնում է դեպի Թուրան։ Նաև խոսում էր այն մասին, որ Թուրքիայի սահմանները պետք է փոփոխվեն»,- նշել է թուրքագետը։
Իր նպատակներին հասնելու համար Թուրքիայի նախագահն, ըստ Տիրան Լոքմագյոզյանի, երկու քայլ կարող է անել ․ գնալ վաղաժամ ընտրությունների և ևս 4-5 տարի «շահել», եթե հասցնի պաշտոնավարել կամ իր փոխարեն ընտրել իրավահաջորդի։ Այս դեպքում Էրդողանն, ըստ թուրքագետի, պետք է ձգտի գտնել այնպիսի մի թեկնածուի, որն իր պես խարիզմատիկ կլինի և կկիսի իր գաղափարները։