14/10/2021 14:28
Եկանք, հասանք այս վիճակին, երբ ուղիղ չենք կարողանում պատասխանել թշնամուն․ այսպիսին էր «հպարտ քաղաքացիների» ընտրությունը․ Բաբկեն Հարությունյան
«Մենք ինքներս պետք է կարողանանք պաշտպանել մեր շահերը, ինքներս պետք է կարողանանք հակազդել թշնամու ագրեսիային», - անդրադառնալով պատերազմից հետո ադրբեջանական կողմի շարունակական սադրանքներին ի պատասխան՝ հայկական իշխանությունների լուռ կեցվածքին և միայն ռուսական կողմին ապավինելու դիրքորոշմանը՝ ասաց «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը՝ այսօր հրավիրված ասուլիսում։
«Եկանք հասանք այս վիճակին, որ ինչ լինում է՝ ոչ թե ուղիղ, ինչպես գրեթե 30 տարի էր, պատասխանում էինք ադրբեջանական կողմին, այսինքն, երբ նրանք կրակում էին, մենք շատ ավելին էինք պատասխանում, եթե իրենք ինչ-որ մի քայլ էին անում, դրա պատասխանը տալիս էինք, այլ մի իրավիճակում ենք, որ կա թշնամու ագրեսիա, և մենք վազում, ռուսական կողմին ասում ենք՝ մի բան արեք», - նշեց Հարությունյանը։
Որպես հերթական օրինակներից մեկը՝ նա նշեց Սյունիքի ճանապարհին ադրբեջանցիների գործողությունները։
«Եկան, ճանապարհը վերցրին, իսկ մենք ի՞նչ ենք անում՝ ռուսական կողմին խնդրում ենք, որ գան, խնդիրը լուծեն։ Սյունիքից հետո հաջորդը Հայաստան-Արցախ միջանցքի հարցն է առաջ գալու։ Հիմա էլ ադրբեջանցիներն այնտեղ են փորձելու անընդհատ սադրանքների միջոցով խոչընդոտներ ստեղծել մեզ համար։ Եվ քանի դեռ որպես երկիր, որպես պետություն, չենք կարողացել վերակազմավորել մեր բանակը, մեր տնտեսությունը, մեր արտաքին քաղաքականությունը, միշտ էլ ստորացվելու ենք», - ասաց Բաբկեն Հարությունյանը։
Նա ընդգծեց, որ «Ալիևի կողմից Փաշինյանին ստորացնելու ակնհայտ դրսևորումները խորհրդանշում են Հայաստանի պետության ու հասարակության ստորացումը, որքան էլ Փաշինյանը ընդունված չլինի հասարակության մի շերտի կամ ընդդիմության կողմից»։
«Այսպես թե այնպես նա, փաստացի, ներկայացնում է պետության դեմքը։ Այսպիսին էր հպարտ քաղաքացիների ընտրությունը, և այս իրավիճակը մենք պետք է կարողանանք հաղթահարել», - նշեց Հարությունյանը։