14/10/2021 19:11
Ռուս-վրացական սահմանի սահմանագծման անհնարինության ֆոնին շատ անտրամաբանական է, որ Երևանում Աբխազական երկաթուղու հարց են ակնկալում. Վրացագետ
Վրաստանի համար Ռուսաստանի հետ սահմաններն անցնում են Լարսով, Հարավային Օսեթիայով և Սոչիին հարող տարածքով՝ ներառյալ Աբխազիան։ Իսկ 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո այդ տարածքներում սահմանազատման և սահմանգծման գործընթացը շարունակում է խնդրահարույց մնալ։ Պատճառն այն է, որ Վրաստանը Աբխազիան և Հարավային Օսեթիան իր տարածքներն է համարում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց վրացագետ Ջոնի Մելիքյանը՝ անդրադառնալով Վրաստանի վարչապետի այն հայտարարությանը, որ Ռուսաստանի հետ սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացը տեղի կունենա միայն միասնական Վրաստանի սահմաններում։
«Ռուսաստանն առաջարկել էր խնդրահարույց հատվածներում սահմանազատում իրականացնել՝ հումանիտար խնդիրներից խուսափելու համար, սակայն ամբողջ խնդիրն այն է, որ այդ տարածքները Վրաստանն իրենն է համարում։ Ամեն դեպքում, չեմ կարծում, որ Վրաստանի վարչապետի հայտաարությունը որևէ ազդեցություն կունենա ռուս-վրացական՝ իներցիայով շարունակվող հարաբերությունների վրա», - ասաց վրացագետը։
Ջոնի Մելիքյանի խոսքով՝ Հարավային Օսեթիան և Աբխազիան Ռուսաստանի և Վրաստանի համար կարմիր գծեր են, և այսօրվա իրականության մեջ դժվար է պատկերացնել, որ ՌԴ-ն հետ կկանչի իր կողմից այդ տարածքների ճանաչումը։ Մյուս կողմից, դժվար է Վրաստանից ակնկալել, որ նա կճանաչի Աբխազիան և Հարավային Օսեթիան։
«Այս ամենի ֆոնին շատ անտրամաբանական է, որ Երևանում ակնկալում են Աբխազական երկաթուղու հարց՝ որպես Լարսի այլընտրանք», - ասաց Մելիքյանը։