14/10/2021 19:46
Քիչ հավանական է, որ մոտ ապագայում Վրաստանի և Ռուսաստանի միջև սահմանազատման գործընթաց տեղի կունենա. Վրացագետ
Վրաստանի համար տարածքային ամբողջականության հարցը բավական զգայուն հարց է, և միջազգային բոլոր հարթակներում այդ երկիրը խսիստ կարևորում է, որ մյուս երկրները ևս ճանաչեն իր տարածքային ամբողջականությունը՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի միասնությամբ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց վրացագետ Հասմիկ Մելիքսեթյանը՝ անդրադառնալով Վրաստանի վարչապետի այն հայտարարությանը, որ Ռուսաստանի հետ սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացը տեղի կունենա միայն միասնական Վրաստանի սահմաններում։
«Այս հայտարարությունը պետք է դիտարկել նույն համատեքստում։ Եթե Վրաստանի վարչապետը հայտարարեր, որ կարող են Ռուսաստանի հետ սահմանազատման աշխատանքներն իրականացնել առանց այդ հարցի, նրա հայտարարությունը շատ անհասկանալի կդիտվեր, և Վրաստանում նմանօրինակ հայտարարությունը սվիններով կընդունեին։ Այնպես որ, չեմ կարծում, որ Իրակլի Ղարիբաշվիլին որևէ արտառոց բան է ասել։ Նա ևս մեկ անգամ ֆիքսել է իր երկրի արտաքին քաղաքականության դիրքորոշումը», - ասաց Մելիքսեթյանը։
Վրացագետը շեշտեց՝ քիչ հավանական է, որ մոտ ապագայում Վրաստանի և Ռուսաստանի միջև սահմանազատման գործընթաց տեղի կունենա։
«Պարզ է, որ Ռուսաստանը ոչ մի դեպքում Հարավային Օսիան և Աբխազիան չի ճանաչի Վրաստանի կազմում, Վրաստանն էլ իր հերթին երբեք չի ընդունի,որ կորցրել է այս տարածքները։ Միջազգայի հանրությունն այս հարցում մշտապես աջակցում է Վրաստանին՝ հայտարարելով, որ հարգում է այդ երկրի տարածքային ամբողջականությունը», - ասաց Հասմիկ Մելիքսեթյանը։