15/10/2021 14:41
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար շատ կարևոր է վերականգնել բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում. Փաշինյան
Հիմնական հարցը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումն է: Դրա համար մենք կարևոր ենք համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցային գործընթացի վերականգնումը, ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Վերջին ամիսներին համանախագահներն իրենց հայտարարություններում բազմիցս նշել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը», - ասաց Փաշինյանը:
Նա ընդգծեց՝ կարևոր քայլ կլինի համանախագահների առաջիկա այցը տարածաշրջան և նրանց այցը նաև Լեռնային Ղարաբաղ:
«Եվս մեկ անգամ շեշտեմ, որ Հայաստանը պատրաստ է աշխատել իմ նշած բոլոր ուղղություններով: Մենք համոզված ենք, որ բոլոր խնդիրների իրականացումը զգալի առաջընթաց կապահովի մեր տարածաշրջանում երկարատև և երկարաժամկետ խաղաղության պայմանների ստեղծման գործում: Եվ պետք է նշեմ, որ Թուրքիայի հետ մեր հարաբերությունները կարգավորելու նպատակով երկխոսության սկիզբը ևս մեկ գործոն է, որը կարող է կատալիզատորի դեր խաղալ այս հարցում: Այս առումով ես պետք է նաև գոհունակությամբ նշեմ, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստակամություն է հայտնում լիարժեք աջակցել այս գործընթացին», - նշեց Փաշինյանը: