15/10/2021 13:33
Դատավորներին երբեմն թվում է, թե պետության շահն են պաշտպանում. իշխանության շահն ընկալվում է որպես պետության շահ. Ալվինա Գյուլումյան
«Դատավորների մոտ երբեմն իշխանության շահն ընկալվում է որպես պետության շահ, և նրանք ցանկանում են ոչ թե կամակատար լինել, այլ իրենց թվում է, թե պետության շահն են պաշտպանում»,- «Դեպի բռնապետություն․ հետընթաց իրավունքներից» թեմայով քննարկմանը նշեց ՄԻԵԴ նախկին դատավոր, ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը:
Մեկ այլ հանգամանք, ըստ Ալվինա Գյուլումյանի, վաղվա նկատմամբ անվստահությունն է, երբ դատավորը մտածում է, որ եթե որևէ կերպ վարվի, իրեն պաշտոնից կազատեն կամ իր նկատմամբ հետապնդում կսկսեն:
Գյուլումյանի խոսքով՝ դատական իշխանության անկախությանը սպառնացող վտանգներն ավելի ցայտուն են դառնում քաղաքական և տնտեսական ճգնաժամերի ժամանակ:
«Առաջին դեպքում քաղաքական իշխանությունը, փորձելով իրեն պաշտպանել, փորձում է ներգործել դատական իշխանության վրա, իսկ երկրորդ դեպքում, ելնելով երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակից, որոշակի միջոցառումներ է իրականացնում՝ դատավորի աշխատավարձի կամ կենսաթոշակի որոշակի կրճատում»,-ասաց նա: