15/10/2021 18:47
Գուցե հենց այդ օրը Առուշ Առուշանյանը գտնվի ազատության մեջ․ դա նրա համար հաղթանակած օր է․ 2017-ի նոյեմբերի 5-ին Առուշանյանն ընտրվեց Գորիս համայնքի ղեկավար․ փաստաբան
«Վստահ ենք, որ Առուշ Առուշանյանը շուտափույթ ազատության մեջ կգտնվի, բայց, միևնույն ժամանակ, չենք կարող մյուս համայնքապետերին ազատ արձակելու հանգամանքը պայմանավորել Առուշ Առուշանյանի հետ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի համայնքապետի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
Նա հայտնեց, որ Առուշանյանի գործով դատական հերթական նիստը նշանակվել է նոյեմբերի 5-ին, պաշտպանական կողմը նաև այդ ժամանակ է պատրաստվում խափանման միջոցի փոփոխման հարցը բարձրացնել՝ որոշակի դատավարական փուլ անցնելուց հետո։
«Կարծում եմ՝ մենք հնարավորություն կունենանք այնպիսի ապացույցների հետազոտություն իրականացնել, որը մեզ հնարավորություն կտա խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ միջնորդություն ներկայացնել։ Հույս ունենք, որ գուցե հենց այդ օրը պարոն Առուշանյանը կգտնվի ազատության մեջ, որովհետև պետք է հիշել, որ դա պարոն Առուշանյանի համար հաղթանակած օր է․ 2017 թվականի նոյեմբերի 5-ին նա ընտրվեց Գորիս համայնքի ղեկավար՝ 99 տոկոս ձայն հավաքելով։ Կարծում եմ՝ գուցե պատմությունը կրկնվի, և պարոն Առուշանյանի համար կրկին հաղթանակի օր գրանցվի»,- ասաց Էրիկ Ալեքսանյանը։
Փաստաբանն անդրադարձավ նաև իշխանական թևի այն հայտարարություններին, որոնք նրանք հնչեցնում են Գորիսում՝ պնդելով, թե անկախ ընտրությունների արդյունքից, Առուշանյանը կմնա կալանքի տակ։
«Նման հայտարարություններով շեշտը դնում են նրա վրա, թե Առուշ Առուշանյանին մի՛ ընտրեք, քանի որ նա անազատության մեջ է և շարունակելու է գտնվել անազատության մեջ։ Գտնում եմ, որ դա արժանավայել մոտեցում չէ։ Անկախ այն հանգամանքից՝ Առուշանյանը կվերընտրվի, թե ոչ, խափանման միջոցի փոփոխման հարցն այդ հարցի հետ իրավական որևէ կապ չի կարող ունենալ»,- նշեց Ալեքսանյանը։
Նա հավելեց, որ պաշտպանական կողմը բոլոր միջոցները ձեռնարկելու է, որպեսզի Առուշ Առուշանյանի խափանման միջոցը փոխվի։