15/10/2021 17:31
Ադրբեջանը երկու նպատակ ունի՝ վերցնել լրացուցիչ բարձունքներ և հայաթափել Արցախի բնակավայրերը․ ռազմական փորձագետ
Այն, ինչ այսօր անում է Ադրբեջանը, երկու նպատակ ունի՝ վերցնել լրացուցիչ բարձունքներ, որոնք լայնածավալ ռազմական գործողությունների ժամանակ չեն վերցրել և հայաթափել Արցախի բնակավայրերը, «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ադրբեջանական կողմի հերթական սադրանքներին։
«Ի դեպ, դրանք դեպի Մարտունի տանող ճանապարհին հարակից բարձունքներն են։ Ըստ իս՝ դրա համար են կրակում։ Բացի այդ, քաղաքացիական բնակիչների, գյուղատնտեսական աշխատանք անող մեր հայրենակիցների սպանությունը հոգեբանական ամենամեծ ազդեցությունն է այնտեղի բնակիչներին այդ տարածքներից դուրս հանելու համար։ Երբ մարդկանց կյանքը վտանգված է, առավել ևս, եթե սպանողն անպատիժ է մնում, ապա այդտեղ մնալն անհնարին է դառնում՝ հատկապես այն պարագայում, երբ աշխատելը, ընտանիք պահելը և կերակրելը նույնպես անհնար է դառնում»,- հավելել է նա։
Ռազմական փորձագետի դիտարկմամբ՝ Ադրբեջանի՝ հայաթափման այս քաղաքականությունից զերծ չի մնա նաև Հայաստանը, որտեղ ևս ադրբեջանական կողմն արդեն սկսել է նման սադրանքների դիմել։ Ադրբեջանն այս հարցում նաև խորհրդատու ունի՝ ի դեմս Թուրքիայի, որը անհրաժեշտության դեպքում նաև կառավարում է այդ պրոցեսները։
«Խնդիրն Արցախն ամբողջությամբ հայաթափելն է, որից հետո անցնելու են Հայաստանին։ Հիմա հող են նախապատրաստում։ Ադրբեջանի ծրագրերը հեռանկարային են՝ վարկաբեկել ռուս խաղաղապահներին և շրջանառության մեջ դնել այն միտքը, որ Արցախում ռուս խաղաղապահների գտնվելն անիմաստ է։ Հետևաբար, եթե ռուս խաղաղապահը «չի կարողանում» պաշտպանել հայ բնակչության անվտանգությունը, սկզբունքորեն կամ պետք է փոխարինվի, կամ Ադրբեջանն ասելու է, որ ճիշտ կլինի նաև Թուրքիայի զինված ուժերի խաղաղապահներ լինեն»,-նշել է փորձագետը։
Արձագանքելով դիտարկմանը, որ հայկական կողմն իր հերթին միայն ռուսական խաղաղապահ զորակազմին է ապավինում, Նահապետյանն ասել է, որ պատկան մարմինները պետք է սկզբունքորեն պատասխանեն ադրբեջանցիներին, այդ դեպքում իրավիճակն այլ կլինի։
«Նրանք անընդհատ ռուս խաղաղապահ են ասում։ Սա անօգնականի, թույլի, տկարի, անպաշտպանի հոգեվիճակ է, որը նաև Հայաստանի քաղաքացիների վրա է ազդում։ Այստեղ մարդիկ էլ են մտածում, որ եթե Արցախում բնակչությունն անպաշտպան է, վաղը չէ մյուս օրն այդ նույն թուրքը Հայաստան է գալու, և սկսում են ճամպրուկները կապել։ 10-ից մեկն էլ, եթե ճամպրուկը կապի, դա արդեն եղանակ կստեղծի Հայաստանի համար»,-ասել է Հայկ Նահապետյանը։