16/10/2021 17:52
Ժամանակը ցույց տվեց, որ Ալիևի՝ ՀՀ իշխանություններին Արցախ այցելելու արգելքն իրականում գործում է. քաղաքագետ
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը խիստ թերահավատ է, որ ԱԺ-ում Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողով կստեղծվի։
Նա հիշեցրեց՝ եռակողմ պայմանագրից գրեթե մեկ տարի է անցել, այնինչ, ՀՀ բարձրագույն ղեկավարությունը, վարչապետի գլխավորությամբ, Արցախ չի այցելել։
«Հիշո՞ւմ եք՝ ՀՀ վարչապետը վերջին անգամ երբ է եղել Արցախում. 2020 թվականի հոկտեմբերին։ Երեկ չէ առաջին օրն Արցախում տեղի ունեցած զինադադարի կոպտագույն խախտման և դրա հետևանքով 6 զինծառայողների վիրավորվելու մասին իշխանությունների արձագանքը լսե՞լ եք»,- Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հարցեր հնչեցրեց քաղաքագետը՝ հավելելով, որ այս ամենն ուղիղ ցուցիչ է՝ հայաստանյան իշխանությունները ձեռքերը լվացել են Արցախից։
Համբարյանի խոսքով` այս ամենը բոլորովին էլ պատահական չէ։
«Նիկոլ Փաշինյանը ձեռքերը լվացել է Արցախից։ Ադրբեջանական լրատվամիջոցներում մեկ անգամ չէ, որ պարզ նշվել է՝ Իլհամ Ալիևն արգելել է ՀՀ իշխանություններին այցելել Արցախ, և ժամանակը ցույց տվեց, որ այդ արգելքն իրականում գործում է։ Դրա համար էլ չեմ կարծում, որ Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովը կստեղծվի»,- ասաց քաղաքագետը։