16/10/2021 17:10
ԶՊՄԿ-ի նախկին տնօրեն Մհեր Պոլոսկովի նկատմամբ հետախուզումը քաղաքական կոռուպցիայի համատեքստում «կջրվի»
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» նախկին տնօրեն Մհեր Պոլոսկովը ՊԵԿ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում ներգրավվել է որպես մեղադրյալ, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Ընդ որում՝ հետախուզումը հայտարարվել է միայն Հայաստանի տարածքում։
Կայքի տեղեկությունները չեն հերքել ո՛չ դատախազությունից, ո՛չ ՊԵԿ-ից, ոչ էլ ոստիկանությունից։
Հոկտեմբերի 5-ին «Փաստինֆո»-ն գրավոր հարցումներ է ուղղել ՀՀ գլխավոր դատախազություն և ՊԵԿ՝ պարզելու, թե երբ է քրեական գործ հարուցվել Պոլոսկովի կողմից առերևույթ չարաշահումների վերաբերյալ, ինչ հոդվածներով են նա և իրավախորհրդատու Նարեկ Ամբարյանը ներգրավվել որպես մեղադրյալ, երբ է Պոլոսկովի նկատմամբ հայտարարվել հետախուզում։ Դատախազությունը խուսափել է տեղեկատվություն տրամադրել քրեական գործով դատախազական հսկողության արդյունքների մասին և այն վերահասցեագրել է ՊԵԿ-ին, ՊԵԿ-ն էլ չի հերքել, որ Պոլոսկովի նկատմամբ իսկապես հետախուզում է հայտարարվել, սակայն նախաքննության գաղտնիությունը պատճառաբանելով՝ մերժել են տեղեկատվության տրամադրումը։
Հոկտեմբերի 8-ին գրավոր հարցում է ուղղվել նաև ՀՀ ոստիկանություն՝ կրկին խնդրելով տեղեկատվություն տրամադրել, թե Պոլոսկովը երբվանից է գտնվում հետախուզման մեջ և արդյոք նրա նկատմամբ հայտարարվե՞լ է նաև միջազգային հետախուզում, թե՞ միայն ներպետական։ Այս կառույցը ևս չի հերքել «Փաստինֆո»-ի տեղեկությունները, սակայն հայտնել է, թե իրենց 30 օր ժամանակ է պետք ուսումնասիրելու համար, որ պարզեն՝ նրա նկատմամբ միջազգային հետախուզում կա՞, թե՞ ոչ։
Ակներև է, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջները թե՛ դատախազությունը, թե՛ ՊԵԿ-ը, թե՛ ոստիկանությունը խախտել են՝ նպատակ ունենալով սահմանափակել նշված քրեական գործի վերաբերյալ տեղեկատվական հոսքերը, զերծ պահել թափանցիկությունից ու հրապարակայնությունից՝ հնարավորինս անարգել այն «ջրելու» և կոծկելու համար։
Սույն գործը քաղաքական կոռուպցիայի տիպիկ օրինակ է. կառավարության ղեկավարի ընդհուպ հրապարակային հրահանգներից հետո հարուցվեց քրեական գործ, տնօրենը ենթարկվեց քրեական հետապնդման, փոխվեց սեփականատերը և նույն քաղաքական հովանավորչության շրջանակներում կդադարեցվի նրա նկատմամբ հետախուզումը։
Ինչպես հայտնի է, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» բաժնետոմսերի 60 տոկոսը ձեռք է բերել «Գեոպրոմայնինգ» ընկերությունը, որը դրանց 15%-ը նվիրել է ՀՀ վարչապետի աշխատակազմին։ Ըստ կայքի տեղեկությունների՝ գործարքի մի մաս է կազմել նաև քրեական գործի հետագա ընթացքը. նոր սեփականատերը՝ ի դեմս Ռոման Տրոցենկոյին, բանակցությունների ընթացքում պահանջել է, որ դադարեցվի նաև քրեական հետապնդումը Պոլոսկովի նկատմամբ, ինչի շուրջ ձեռք է բերվել համաձայնություն, ու հենց դա է պատճառը, որ դատախազաքննչական մարմիններն ու ոստիկանությունը փորձում են լռության մատնել գործը, քանի որ չգիտեն, թե երբ ինչ հրահանգ կիջեցվի քաղաքական հովանավորչություն իրականացնող անձի կողմից։
Սույն գործի կոռուպցիոն դրսևորումների մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում խոսել է նաև «Թրանսփարենսի ինթերնեյշընըլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը՝ նշելով, որ գործարքի թափանցիկության խնդիր կա, ինչը շատ նման է Ծաղկաձորի «Գոլդեն փելես»-ի պատմությանը։
«Այսինքն` ինչպես դրա դեպքում «փրկագին» վճարվեց, որ որոշ մարդկանց նկատմամբ հետագա հետապնդումները դադարեցվեն, գուցե այս դեպքում էլ է նույնը։ Բայց սա զուտ ենթադրություն է։ Տեղի է ունենում մոտավորապես նույն բանը, ինչ եղավ «Գոլդեն փելես»-ի հետ՝ մի տարբերությամբ, որ ենթադրում եմ՝ «Գեոպրոմայնինգ»-ն այդքան էլ թանկ գնով չի գնել 60 տոկոս բաժնետոմսերը»,- ասել էր Վարուժան Հոկտանյանը։