16/10/2021 16:22
Հայաստանը պարզապես ձեռքերը լվացել է Արցախից. Արմեն Բաղդասարյան
Կարծում եմ՝ ՀՀ վարչապետի մակարդակով Ադրբեջանի նախագահի հետ պայմանավորվածություններ կան, և Հայաստանը պարզապես ձեռքերը լվացել է Արցախից, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը՝ անդրադառնալով փաստին, որ գործող խորհրդարանում մինչ օրս Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողով այդպես էլ չի ստեղծվել։
«Կարծում եմ՝ ՀՀ իշխանությունները պետք է հստակ խոսակցություն ունենան Արցախի իշխանությունների հետ։ Ընդ որում, պարտադիր չէ, որ այդ խոսակցությունը լինի հրապարակային։ Ես ինքս վստահ եմ, որ հատուկ հանձնաժողով չստեղծելը Հայաստանի իշխանությունների քաղաքական որոշումն է և կապված է հայ-ադրբեջանական ինչ-ինչ պայմանավորվածությունների հետ։
Եվ որպեսզի առանց այդ էլ ծանր հոգեբանական վիճակում գտնվող արցախահայության շրջանում մտահոգությունները չխորանան, ՀՀ իշխանությունները պետք է միջխորհրդարանական հանձնաժողով ստեղծելու հարցով խորհրդապահական մակարդակով պարզաբանումներ տան»,- ասաց քաղաքագետը։