16/10/2021 18:00
Արդարադատության միջազգային դատարանում ավարտվել են «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դատական գործով լսումները
Արդարադատության միջազգային դատարանում ավարտվել են «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դատական գործի շրջանակում Հայաստանի կողմից ներկայացված հրատապ միջոցների վերաբերյալ բանավոր լսումները:
Երկօրյա լսումների ընթացքում Հայաստանը դատարանին ներկայացրել է իր պահանջները և պատասխանել մյուս կողմի հակափաստարկներին:
Լսումների ավարտին դատարանի նախագահը հայտարարել է, որ որոշումը կհրապարակվի հնարավորինս սեղմ ժամկետում:
Դատարանի մամուլի հաղորդագրության ամբողջական տարբերակը կարող եք գտնել այստեղ:
Հրատապ միջոցները վերաբերվում են հայ գերիների վերադարձին, ռազմավարի պուրակի փակմանը, մշակութային օբյեկտների պաշտպանությանը և ոչնչացման արգելքին, ատելության խոսքի, ատելության քարոզի դադարեցմանը:
Լսումներում Հայաստանը ներկայացրել է ինչպես Ադրբեջանի կողմից ընդունված, հաստատված գերիների, այնպես էլ այն գերիների մասին, որոնց մասին Ադրբեջանից հաստատում չի ստացվել:
Նշվել է, որ կան ապացույցներ նրանց գերության մեջ լինելու մասին: Հղում է կատարվել լուսանկարներին, տեսանյութերին, որոնք ապացուցում են գերիների նկատմամբ վատ վերաբերմունքի փաստերը:
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտարարել էր՝ Հայաստանը միջազգային դատարան է գնացել արդարության, արդարադատության ակնկալիքով: