18/10/2021 17:00
Փաստաբանական նեղ շրջապատում Ռուբեն Արամիչին «մաեստրո» էինք անվանում. նա փաստաբանության սիմվոլն էր. Էրիկ Ալեքսանյան
Ռուբեն Սահակյանն անձամբ իմ և ամբողջ փաստաբանական հանրության ուսուցիչն է եղել. նրա մահվամբ ոլորտն անասելի կորուստ է կրել, քանի որ ուրիշ «Ռուբեն Արամիչ»-ներ այլևս չեն լինի, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Փաստաբանական նեղ շրջապատում մենք նրան «մաեստրո» էինք անվանում։ Ռուբեն Սահակյանին տեսնելիս, ողջունելիս անձամբ ես նրան միշտ «մաեստրո»-ով էի դիմում։ Նա փաստաբանության սիմվոլն էր. յուրաքանչյուրս, ով դեռ ուսանող եղած ժամանակ ուզում էր դառնալ փաստաբան, միշտ ասում էր, որ փաստաբանը պետք է լինի Ռուբեն Արամիչի պես, այսինքն՝ մեր երազանքը կապում էինք նրա տեսակի հետ։ Նա միշտ օրինակ է ծառայել՝ որպես անհրաժեշտ պրոֆեսիոնալիզմի և պիտանի օպտիմիզմի մարմնացում»,- ասաց փաստաբանը։
Էրիկ Ալեքսանյանը հիշեց, որ իր փաստաբանական պրակտիկ գործունեությունն սկսել է հենց Ռուբեն Սահակյանի հետ՝ Մարտի 1-ի գործով։
«Իրականում, ինձ համար մեծ պատիվ էր, այսպես կոչված, դարի դատավարությանը մասնակցել հենց Ռուբեն Արամիչի հետ, լսել նրա կարծիքը և հետևություններ անել»,- նշեց փաստաբանը։
ՀՀ վաստակավոր իրավաբան, ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանը մահացել է երեկ։
Հոգեհանգիստը տեղի կունենա երեքշաբթի՝ ժամը 18.00-ից՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։