18/10/2021 19:06
Հարավային Հայաստանն ուղղակիորեն մերժում է այսօրվա իշխանությանը․ այս ընտրությունները ցույց տվին, որ գործող իշխանությունը մարզերում լուրջ հեղինակություն չունի․ քաղաքագետ
ՏԻՄ ընտրությունները ցույց տվին, որ հասարակության մեջ լուրջ փոփոխություններ են կատարվում, «Փաստինֆո»-ի հետ զրույցում կարծիք է հայտնել քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։
«Սա արտացոլում է հասարակության իրական կարծիքն այսօրվա իշխանությունների մասին։ Գորիսում ընդդիմության ներկայացուցիչը հավաքեց մոտ 60 տոկոս ձայն, ինչը նշանակում է, որ փաստացի Հարավային Հայաստանն ուղղակիորեն մերժում է այսօրվա իշխանությանը։ Գյումրիում էլ կարելի է ասել, որ տեղական «Բրեժնևը» հաղթեց Փաշինյանին»,-նշել է քաղաքագետը։
Երվանդ Բոզոյանի խոսքով՝ թեպետ ընդդիմությունը հիմնական ակտիվությունը ցուցաբերում է Երևանում, սակայն նույնիսկ այդ պայմաններում Նիկոլ Փաշինյանը չկարողացավ լուրջ հաջողություն արձանագրել, ինչը նշանակում է, որ հայ հասարակության մեջ հասունացել է այն դժգոհությունն ու պահանջը, որ Հայաստանում իսկապես պետք են լուրջ փոփոխություններ։
«Սխալ է այն կարծիքը, որ իշխանությունն ունի հեղինակություն և հասարակության մեծ մասն աջակցում է նրան։ Այս ընտրությունները ցույց տվեցին, որ գործող իշխանությունները լուրջ հեղինակություն չունեն։ Առուշ Առուշանյանի պարագայում ընդդիմությունը միասնական էր և հաղթեց»,-նշել է Երվանդ Բոզոյանը։
Քաղաքագետի կարծիքով՝ իշխանության վարկանիշը մարզերում միշտ էլ ցածր է եղել։ Պարզապես թյուր կարծիք էր ձևավորվել, մարզերում, գյուղերում իշխանությունն ուժեղ է, իսկ քաղաքներում՝ ոչ։