19/10/2021 14:01
Առուշ Առուշանյանը դարձավ պայքարի սիմվոլ. իսկ սիմվոլները միշտ հաղթում են. Քաղտեխնոլոգ
Դժվար է ասել՝ արդյոք իշխանության համար անսպասելի էր Հայաստանի 3 խոշոր համայնքներում իր պարտությունը, սակայն կային որոշակի ազդակներ, որոնք ցույց էին տալիս՝ առնվազն Գորիում հաղթելու է ընդդիմության թեկնածուն, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
Նրա խոսքով՝ Մեղրիում, Գորիսում և Գյումրիում ՔՊ-ի պարտության պատճառը, ըստ էության, այն էր, որ իշխանությունը չկարողացավ օգտագործել նախկինների թեման, ինչպես նաև զինվորականությանը։
«Կոնկրետ Գորիսում Առուշ Առուշանյանն այն կերպարն էր, որը, գտնվելով բանտում, դարձավ պայքարի սիմվոլ. իսկ սիմվոլները միշտ հաղթում են։
Ինչ վերաբերում է Գյումրիին, չնայած իշխանության ներդրած մեծ ջանքերին և վարչական ռեսուրսներին՝ իշխանությունը պարտվեց ոչ միայն «Բալասանյան դաշինքին», այլև ընտրություններին մասնակցող բոլոր ուժերին՝ միասին վերցրած։ Իշխանությունը տեսնում է, որ այդ ուժերը մոտավորապես կրկնակի ավելի քվե են ստացել, քան ՔՊ-ն։ Այսպիսով՝ իշխանությունը Գյումրիում կրկնակի պարտություն կրեց։ Սա ևս շատ խորհրդանշական էր»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ գյումրեցիները գերադասեցին քվե տալ փորձված կառավարիչ Սամվել Բալասանյանին, քան նորաթուխ երիտասարդ ՔՊ-ական թեկնածուին։
Անդրադառնալով Մեղրիում գրանցված արդյունքներին, Արմեն Բադալյանը նկատեց՝ այստեղ հաղթանակ տարավ արևմտամետի համարում ունեցող ուժի թեկնածուն։
«Այն բոլոր վայրերում, որտեղ ակտիվ թեկնածու և պայքարող բլոկ է եղել, իշխանությունը պարտվել է, իսկ եթե չի եղել, ինչպես օրինակ Դիլիջանում, հաղթել է ՔՊ-ական թեկնածուն»,- ասաց Բադալյանը։
Հիշեցնենք, որ Գորիս խոշորացված համայնքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում 6256 ձայնով հաղթել էր Առուշ Առուշանյանը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Վլադիմիր Աբունցի օգտին քվեարկել էր 3590 ընտրող։
Գյումրիում 9637 ձայնով հաղթանակ էր տարել «Բալասանյան դաշինքը»։ Իսկ ահա Մեղրի համայնքում կայացած ՏԻՄ ընտրություններում հաղթել էր«Հանրապետություն» կուսակցությունը, որը ստացել էր ձայների 42,8 տոկոսը։ «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել էր 32,8 տոկոս քվե։