19/10/2021 15:34
Գորիսում Առուշ Առուշանյանի հաղթանակը լուրջ հարված էր թե՛ անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, թե՛ «Քաղաքացիական պայմանագրի» հեղինակությանը. Քաղտեխնոլոգ
Գորիսում, Մեղրիում և Գյումրիում ՏԻՄ ընտրությունների քաղաքական արդյունքները չպետք է մեկ գնահատականի տակ ներկայացնել, որովհետև եթե Գորիսում իշխանությունն իսկապես պարտվեց ընդդիմությանը, ապա մյուս երկու համայանքներում իշխանությունն ուղղակի չկարողացավ հաղթել։ Ես չէի գնահատի, որ Գյումրիում և Մեղրիում տեղի ունեցածը պարտություն էր ընդդիմությանը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
«Իհարկե, կարող ենք արձանագրել, որ քաղաքական գործընթացներում նոր միտումներ են արձանագրվում։ Կարծում եմ, որ երբ տվյալ տարածքում ճանաչված և համայնքի բնակչության կողմից ընդունելի թեկնածու և ճիշտ մարտավարություն է գտնվում, արդյունքը խիստ կոնկրետ է լինում։ Ասվածի վառ օրինակը, նախևառաջ, նույն Գորիսի օրինական է։ Այդ համայնքում ընդդիմության թեկնածուի հաղթնակը, կարծում եմ, լուրջ հարված էր թե՛ անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, թե՛ «Քաղաքացիական պայմանագրի» հեղինակությանը», - ասաց Վիգեն Հակոբյանը։
Ինչ վերաբերում է Գյումրիում «Բալասանյան» դաշինքի հաղթանակին, քաղտեխնոլոգը նշեց՝ այստեղ ամեն բան պարզ կլինի ավելի ուշ։
«Այս պահի դրությամբ ակնհայտ չէ, թե որ ուղղությամբ է հաղթած ուժը գալու։ Մի բան է պարզ, որ Գյումրիում պետք է կոալիցիաներ ձևավորվեն, որպեսզի քաղաքային իշխանություն ձևավորվի, քաղաքապետ ընտրվի և այլն։ Եթե դաշինքը կոալիցիայի գնա ՔՊ-ի հետ, ուրեմն կարող ենք արձանագրել, որ Գյումրիում իշխանոթյունը զուտ բարոյական պարտություն է կրել։ Այսինքն՝ թե այնտեղ ում է պարտվել իշխանությունը, մենք կհասկանանք այն ժամանակ, երբ կկողմոնորշվի «Բալասանյան» դաշինքը», - ամփոփեց քաղտեխնոլոգը։
Հիշեցնենք, որ Գորիս խոշորացված համայնքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում 6256 ձայնով հաղթել էր Առուշ Առուշանյանը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Վլադիմիր Աբունցի օգտին քվեարկել էր 3590 ընտրող։
Գյումրիում 9637 ձայնով հաղթանակ էր տարել «Բալասանյան դաշինքը»։
Իսկ Մեղրի համայնքում կայացած ՏԻՄ ընտրություններում հաղթել էր «Հանրապետություն» կուսակցությունը, որը ստացել էր ձայների 42,8 տոկոսը։ «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել էր 32,8 տոկոս քվեներ։