19/10/2021 11:33
Այս ՏԻՄ ընտրությունները ռեզոնանս են առաջացնելու, իշխանության լեգիտիմության «ճաքերը» զգացնել կտան նաև դեկտեմբերի 5-ի ընտրություններում․ Քաղտեխնոլոգ
«Եվս մեկ անգամ հաստատվում է այն թեզը, որ երբ ընտրազանգվածին մենակ ես թողնում այս իշխանությունների դեմ, որտեղ նրանք չունեն ասելու «նախկին» բառը, որովհետև վերջին 3 տարիներին այս իշխանությունների բերած արգումենտը միայն դա է եղել, իրենք սկսում են պարտվել»,- 5-րդ ալիքի եթերում, անդրադառնալով հոկտեմբերի 17-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներին, ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
Քոչարյանի խոսքով՝ Գյումրիում իշխանության պարտության պատճառն իր նշած գործոնն է եղել․ անձամբ ինքը հունիսի 20 –ի խորհրդարանական ընտրություններից հետո է համոզվել, որ իշխանություններին սեփական ընտրազանգվածի հետ մենակ թողնելու պարագայում շատ բան կփոխվի։ Ընտրություններին քաղաքացիների ցածր մասնակցությունը ևս քաղտեխնոլոգը պայմանավորել է այս գործոնով՝ ընդգծելով, որ շատ մեծ է նաև հիասթափությունը իշխանություններից։
«Սկսենք նրանից, որ դեռ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին խոստացվածից ոչինչ չի արվել, նույնը՝ հունիսի 20-ինը։ Իսկ այս իշխանությունների ընտրազանգվածն ուզում է, որպեսզի հենց հիմա և հենց այսօր հերթ կանգնի «թալանածից» բաժին ստանալու համար, որպեսզի շատ արագ իրենց կյանքը լավանա, որպեսզի խաղաղություն լինի, բայց ստանում են հակառակը»,- ասել է Կարեն Քոչարյանը։
Այս ամենից հանրագումարում, ըստ քաղտեխնոլոգի, իշխանությունը հանրապետության բնակավայրերում լեգիտիմության ճգնաժամ ունի։ Երկրում կյանքը՝ իր ոչ մի դրսևորմամբ, ոչ մի ոլորտում ու բնագավառում, իշխանության կողմից կառավարելի չէ, դուրս է նրա վերահսկողությունից։
«Ես չեմ էլ խոսում անվտանգության մասին։ Նրանք չեն էլ թաքցնում, ասում են՝ Ռուսաստանը պետք է ապահովի։ Տոտալ քաոս է, տոտալ անկառավարելի վիճակ՝ բոլոր ոլորտներում, ու սա չի կարող չբերել ինչ-որ հետևանքների։ Իշխանությունը չի տիրապետում իրավիճակին, երբեք էլ չի տիրապետել»,- ասել է Կարեն Քոչարյանը։
Հոկտեմբերի 17-ին անցկացված ՏԻՄ ընտրությունները, քաղտեխնոլոգի կարծիքով, ռեզոնանս են առաջացնելու։
«Հաջորդ ՏԻՄ ընտրությունները դեկտեմբերի 5-ին են, կարծում եմ՝ «ճաքերն» զգացնել կտան դեկտեմբերի 5-ին»,- ասել է Քոչարյանը։
Այնուհանդերձ, նրա խոսքով, ընդհանուր իշխանությունը պահպանել-չպահպանելու խնդիրը գործող իշխանության ձեռքում չէ։
«Դա գեոքաղաքական ուժերի կոնսենսուսի հետևանք է, որը ևս «ճաքեր» է տվել։ Կարծում եմ՝ որոշ բաներ են փոխվել, թեև այդ նույն ուժերը սպասում են կոնկրետ իրադարձության։ Դա հայտնի փաստաթղթի ստորագրումն է, բայց այդտեղ էլ ամեն ինչ պարզ չէ, որովհետև այդտեղ էլ կետերի վերախաղարկում է գնում»,- ասել է Կարեն Քոչարյանը։