19/10/2021 14:10
Ծանր վիրավորանքը քրեականացնելուց հետո ՀՀ ոստիկանությունում հարուցվել է 9 քրեական գործ
Ծանր վիրավորանքը քրեականացնելուց հետո ՀՀ ոստիկանությունում հարուցվել է 9 քրեական գործ, «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ ոստիկանությունից։
Իշխանություններին քննադատող ֆեյսբուքյան տարբեր գրառումների համար արդեն իսկ տարբեր անձինք տարվել են ոստիկանություն։ «Փաստինֆո»-ն գրավոր հարցում է ուղարկել ոստիկանություն՝ պարզելու, թե անցած երկու ամիսներին քանի քրեական գործ է հարուցվել վիրավորանքը քրեականացնող հոդվածի հատկանիշներով և դրանցից քանիսն են հարուցվել տուժողի բողոքի հիման վրա։
«2021 թվականի հուլիսի 30-ից մինչ օրս ՀՀ ոստիկանությունում ՀՀ քրեական օրենսգրքի 137.1 հոդվածի հատկանիշներով հարուցվել է 9 քրեական գործ։ Միաժամանակ հայտնում ենք, որ նախաքննության շահերից ելնելով՝ ոստիկանությունն այլ տեղեկատվություն չի կարող ներկայացնել»,- նշել են ոստիկանությունից։
Ինչպես հայտնի է, «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի իշխանություններին կոչ էր արել անմիջապես դադարեցնել վիրավորանքը քրեականացնող այս օրենսդրության կիրառումը։
«Դա մեծ հետընթաց է, որն, իհարկե, մտահոգում է մեզ: Ժողովրդավարական հասարակությունը պետք է ունենա հնարավորություն՝ քննադատել պետական պաշտոնյաներին և իշխանավորներին, չհամաձայնվել նրանց հետ և դա անել հրապարակայնորեն»,- ասել էր կազմակերպության Եվրոպայի ու եվրասիական ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտը՝ «Ամերիկայի Ձայնի» հետ զրույցում: