20/10/2021 19:09
Գորիսեցիները հասկացան, որ իրենց անվտանգությունը պետք է կապեն ոչ թե կենտրոնական, այլ տեղական իշխանությունների հետ․ ՔՊ-ի համար այս պարտությունը զգայուն է ու ցավալի․ քաղտեխնոլոգ
ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» պարտությունը յուրահատուկ զգայնություն ունի իշխանության համար, նրանց համար դա ցավալի պարտություն է, այսօր հրավիրված ասուլիսում կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ ամփոփելով ՏԻՄ ընտրությունների արդյունքները։
Գյումրիում իշխանության պարտությունը քաղտեխնոլոգը դիտարկեց երկու տեսանկյունից՝ հանրապետության երկրորդ քաղաքը լինելուց բացի, Գյումրին սիմվոլիկ նշանակություն ունի իշխանության համար․ այստեղից են սկսվել «թավշյա» գործընթացները։ Իսկ Գորիսում իշխանությունը ոչ միայն պարտվեց, այլև նրան հաղթեց ընդդիմությունը, որպես գործոն՝ իր դերը խաղաց «կռվող տղաների» տեսակը՝ ի դեմս Առուշ Առուշանյանի։
«Գորիսեցիները, ինչ-որ մի փուլից սկսած, սկսեցին հասկանալ, որ իրենց սեփական անվտանգությունը պետք է կապեն ոչ թե կենտրոնական իշխանությունների հետ, այլ տեղական իշխանությունների հետ, որի մարմնավորումը Առուշ Առուշանյանն է։ Կարծում եմ՝ այս հաղթանակում կան նաև աշխարհաքաղաքական որոշակի յուրահատկություններ, որովհետև մենք տեսնում ենք, որ հենց Սյունիքի շուրջ է ծավալվում Հայաստանի «սիրիականացման» գործընթացը ՝ Հայաստանի ապաշնորհ իշխանությունների «շնորհիվ», երբ Հայաստանը և Սյունիքը վերածվել են աշխարհաքաղաքական շահերի բախման կետի»,- ասաց Վիգեն Հակոբյանը։
Նա կարևոր երկու այլ հանգամանքի վրա ևս ուշադրություն հրավիրեց։
«Երբևիցե չի եղել, որ բանտում նստած մարդը, այն էլ այսպիսի ջախջախիչ առավելությամբ, հաղթի։ Եթե տեխնոլոգիաների առումով դիտարկենք, ապա իհարկե, բանակի այն ռեսուրսը, որն օգտագործվել էր հունիսի 20-ին, զինվորների, ըստ էության, անվերահսկելի մասնակցությունը, քանի որ ոչ ոք չի կարող ասել՝ քանի անգամ են նրան պտտվել, քվեարկել, լուրջ դերակատարում է ունեցել այդ ժամանակ, և այն կասկածները, որոնք կային հունիսի 20-ի ընտրություններից հետո, որ Սյունիքում, այնուամենայնիվ, ոչ մաքուր տենոլոգիաներ են օգտագործվել, կարծում եմ, այս ընտրություններում վերահաստատվեցին։ Այլ բան է՝ դա երբևիցե կապացուցվի, թե ոչ, բայց փաստը մնում է փաստ»,- ասաց Հակոբյանը։