20/10/2021 19:49
Չի բացառվում նաև քաղաքական ընտրողական մոտեցումը և կողմնակալությունը ԶԼՄ-ների նկատմամբ․ Բորիս Նավասարդյանը՝ լրատվամիջոցներին վերաբերող օրենքում փոփոխությունների մասին
168․am-ի հետ զրույցում «Երևանի մամուլի ակումբի» նախագահ Բորիս Նավասարդյանը խնդրահարույց է համարել ՔՊ-ական պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի, Վահագն Հովակիմյանի, Թագուհի Ղազարյանի, Սարգիս Խանդանյանի հեղինակած և ԱԺ համապատասխան հանձնաժողովում հավանության արժանացած ««Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և դրան կից ««Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերը, որոնցով նախատեսված մի շարք փոփոխություններ, բազմաթիվ մասնագետների ու լրատվամիջոցների գնահատականներով, բարդություններ ու խնդիրներ են առաջացնելու ԶԼՄ-ների աշխատանքում։
Մասնավորապես, նախագծով առաջարկվում է չնույնականացված աղբյուրներին հղում կատարելու կամ նրանց տարածած տեղեկությունը տարածելու դեպքում լրատվամիջոցներին չազատել պատասխանատվությունից, ինչպես նաև նախատեսված է փոփոխություն կատարել լրատվամիջոցների ֆինանսական թափանցիկությանը վերաբերող հոդվածում: Կփոխվի նաև պետական մարմիններում լրագրողների հավատարմագրման կարգը։
«Հիմնական խնդիրը վերաբերում է «չնույնականացվող աղբյուրներին» հղում կատարելու արգելքին, որն իրավական տեսանկյունից խնդրահարույց է, քանի որ օրենքով սահմանափակման ենթակա կարող է լինել միայն բովանդակությունը, այլ ոչ թե աղբյուրը (իսկ, փաստորեն, այս նախագծի հեղինակները տարբերակում չեն դնում, թե աղբյուրից օգտվելուց ինչպիսի բովանդակություն է տարածում լրատվամիջոցը. համապատասխանո՞ւմ է այն իրականությանը, պարունակո՞ւմ է օրենքին հակասող որևէ բովանդակություն, թե՞ ոչ)»,- կայքի հետ զրույցում ասել է Բորիս Նավասարդյանը։
Ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ այս փոփոխությունները հարցին ի պատասխան՝ Բորիս Նավասարդյանն ասել է՝ օրենքը խրախուսում է հեղինակային իրավունքի խախտումը․ համապատասխան հետևանքներ կլինեն, եթե լրատվամիջոցը, կարգապահորեն հետևելով կարգավորումներին, հղում չանի որևէ «չնույնականացվող աղբյուրի», իսկ այդ չնույնականացվող աղբյուրը հետագայում նույնականանա և հեղինակային իրավունքի խախտման բողոք ներկայացնի:
Ըստ Նավասարդյանի՝ սա սահմանափակում է նաև քաղաքացիների տեղեկություն ստանալու իրավունքը, քանի որ քաղաքացիները նույնպես կարող են շահագրգռված լինել տեղեկանալու՝ որտեղի՞ց է լրատվամիջոցը վերցնում լուրը, որն առաջարկում է սպառողին:
«Երևանի մամուլի ակումբի» նախագահը լրատվամիջոցների ֆինանսական թափանցիկությանը վերաբերող դրույթի առնչությամբ ևս մտավախություն է հայտնել։ Ըստ նրա՝ այս թեմային նրբանկատորեն պետք է մոտենալ․ սկզբից ապահովել այնպիսի կիրառման մեխանիզմներ, որոնք կբացառեն ընտրողական մոտեցումը, հետո միայն մտածել, թե ինչպիսի պահանջներ պետք է դրվեն լրատվամիջոցների առջև՝ իրենց մասին տեղեկությունները հանրայնացնելու վերաբերյալ:
«Մենք գտնվում ենք բավականին սուր քաղաքական իրավիճակում, և կոնկրետ այս մեխանիզմը կիրառելու դեպքում՝ չի բացառվում նաև քաղաքական ընտրողական մոտեցումը և կողմնակալությունը (այսինքն՝ խստություններ լինեն այն լրատվամիջոցների նկատմամբ, որոնք ցանկալի չեն իշխանությունների համար, իսկ նրանք, որոնք լոյալ են, չենթարկվեն որևէ պատասխանատվության՝ անկախ նրանից՝ իրական տեղեկություններ կտրամադրե՞ն հանրությանը, թե՞ ոչ)»,- ասել է Բորիս Նավասարդյանը: