20/10/2021 20:28
Այս պահին Դադիվանքում են 6 հոգևորական․ մայիսից ուխտավորների չենք կարողանում ընդունել․ Արցախի թեմի առաջնորդ
Դադիվանք վանական համալիրում հոգևոր գործառույթները չեն փոխվել, խնդիրն ուխտավորների բացակայությունն է, News.am-ի հետ զրույցում ասել է Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
«Հոգևոր սպասավորներն իրականացնում են իրենց հոգևոր աշխատանքը։ Միայն թե, մայիսից մենք ուխտավորների չենք կարողանում ընդունել, բայց սա էլ բանակցությունների փուլում է։ Այս պահին վանական համալիրում կա 6 հոգևորական՝ երեք կուսակրոն քահանա և երեք սարկավագ։ Մենք մշտապես կապի մեջ ենք իրենց հետ։ Հոգևոր սպասավորներին ուտելիքը փոխանցում ենք խաղաղապահների միջոցով։ Խաղաղապահները լիարժեք տիրապետում են իրավիճակին»,- ասել է նա։
Ինչպես հայտնի է, մայիսի 2-ից ադրբեջանցիներն արգելել են հայ ուխտավորների մուտքը Դադիվանք։
«Ամեն շաբաթ, կիրակի օրերին ուխտավորներին ցուցակագրում էինք, ցուցակը տալիս էինք խաղաղապահներին, խաղաղապահներն էլ մեզ ուղեկցում էին։ Մեկ ավտոբուս էր լինում՝ մոտ վաթսուն ուխտավոր կարող էր այցելել»,- նշել է Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
Արցախի թեմի առաջնորդը հույս է հայտնել, որ ուխտագնացությունները կվերականգնվեն։
«Բոլորս իդեալական լուծում կուզեինք, բայց, ցավոք, դա հնարավոր չէ։ Ես կուզեի, որ գոնե ուխտավորների մուտքն ազատ լիներ, առանց խոչընդոտների»,- հավելել է Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։