20/10/2021 13:00
«Ադրբեջանցիների զորավարժությունների գլխավոր մեսիջն ուղղված է հայ ազգին՝ խաղաղ չեք ապրելու»․ Թևան Պողոսյան
«Զորավարժությունների գլխավոր մեսիջն ուղղված է հայ ազգին, որ դուք խաղաղ չեք ապրելու, որ ինչ ցանկանամ՝ դա էլ անելու եմ, որ որքան շուտ այս տարածքները լքեք, այնքան ավելի լավ։ Մյուս բոլոր ուղերձները հասցեատերերից ամեն մեկն իր չափով է ստանում: Երբ առաջին անգամ նրանք զորավարժություններ էին անցկացնում Բերձորի և Քաշաթաղի օկուպացված տարածքներում, և կար ինչ-որ արձագանք Ռուսաստանից, փորձեցին ասել, որ դա երրորդ երկրի համար չէ, իսկ հիմա շարունակությունն է՝ «իմ տարածքներն են», ինչ ուզում՝ անում եմ: Նաև Իրանին է ցանկանում ասել, որ ոչ միայն դու ես զորավարժություն անում քո տարածքում, այլև ես եմ անում: Հաշվի առնելով, որ Էրդողանը պետք է մեկ օրով շտապ մեկնի Ադրբեջան, միգուցե նաև դրա հետ է կապված», - Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Քաշաթաղի (Լաչին) շրջանում ադրբեջանական կողմի զորավարժությունների վերաբերյալ կարծիք է հայտնել փորձագետ Թևան Պողոսյանը՝ 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում։
Նա շեշտել է, որ Ադրբեջանը, ընդհանուր առմամբ, հետամուտ է իր նպատակների իրականացմանը, ավելի կարևոր է այն, թե Հայաստանն ինչպես է դրան վերաբերվում կամ արձագանքում։
«Ինչպե՞ս ենք քաղաքական ձևակերպում տալիս, թե որտեղ է Ադրբեջանը զորավարժություններ անում․ արդյոք նշվո՞ւմ է՝ Արցախի Հանրապետության Բերձորի տարածաշրջան, որն օկուպացված է Ադրբեջանի զորքերի կողմից: Եթե այդպես ենք մեր մտահոգությունները հայտնելու, դա կլինի ճիշտ մոտեցում ապագայի համար, նաև՝ իրավական ձևակերպման շրջանակներում»,- ասել է Պողոսյանը։
Նա նշել է նաև, որ նման մոտեցման փոխարեն իշխանություններն իրականում որդեգրել են երկրի անվտանգությանն ու սահմաններին առնչվող հարցերի պարզաբանումներից մանիպուլյատիվ հնարքներով խուսափելու տարբերակը, հանրությունից իրականությունը թաքցնելը։
«Լավագույն կառավարությունն այն կառավարությունն է, որն ունի ռազմավարական հաղորդակցման համակարգ: Կա ժողովրդավարության ոսկե կանոն՝ հանրությունն իրավունք ունի իմանալ, իշխանությունը պարտավոր է թափանցիկ և բաց, հաշվետու լինել, և ամենակարևորը՝ հիմնավորել իր տեղեկությունները»,- նշել է Թևան Պողոսյանը՝ նկատի ունենալով, մասնավորապես, Սյունիքի շուրջ զարգացումների մասին հասարակության ու ընդդիմության բարձրաձայնած մտահոգություններին իշխանական օղակներից հնչող անհամոզիչ ձևակերպումները։