20/10/2021 21:12
«ՔՊ-ն Տաթևում ստանալու է 7 մանդատ, դա բավարար չէ մեծամասնություն կազմելու համար. կապիտուլյացիոն իշխանության հետ բացառում ենք համագործակցությունը»․ «Շանթ դաշինք»
ԿԸՀ-ն ներկայացրել է հոկտեմբերի 17-ին Սյունիքի մարզի Տաթև խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի արդյունքները: Ըստ այդմ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 1288 ձայն, «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը՝ 952, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 337։
ԿԸՀ-ն օրենքով սահմանված կարգով շաբաթվա վերջին մանդատների բաշխում կանի և հստակ կլինի՝ ՔՊ-ն մեծամասնություն կունենա՞, թե՝ ոչ։
«Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության նախագահ Շահեն Հարությունյանը News.am-ի հետ զրույցում ասել է, որ ՔՊ-ի ձայները բավարար չեն Տաթև համայնքում մեծամասնություն կազմելու համար։
«Համայնքի ավագանին բաղկացած է 15 անդամից։ Մեծամասնություն ունենալու համար քաղաքական ուժը պետք է ունենա 8 և ավելի մանդատ։ ՔՊ-ն ստանալու է 7 մանդատ, հետեւաբար, այդ ուժը մեծամասնություն չի կարող կազմել։ «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը կստանա 6, իսկ «Ապրելու երկիրը»՝ 2 մանդատ»,- ասել է Շահեն Հարությունյանը։
Եթե այս ուժերից ոչ մեկը մեծամասնություն չի կազմում, սա նշանակում է, որ 15 անդամից բաղկացած ավագանին պետք է համայնքապետ ընտրի։ «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության նախագահը բացառել է իշխող «Քաղաքացիական պայմանագրի» հետ կոալիցիա կազմելը։
«Կապիտուլյացիոն իշխանության հետ մեր կուսակցությունը բացառում է որեւէ համագործակցություն։ Մենք իրենց դեմ ենք, կարծում ենք, որ նրանք պետք է հեռանան»,- ասել է Հարությունյանը։
Ինչ վերաբերում է «Ապրելու երկիր» կուսակցության հետ համագործակցությանը, ապա կուսակցությունում սպասում են ԿԸՀ-ի վերջնական արդյունքներին։
«Երկուշաբթի օրը սպասվում է ավագանու առաջին նիստը, որտեղ պետք է ընտրվի համայնքապետ։ Մինչև այդ օրը ամեն ինչ կհստակեցվի»,- եզրափակել է Շահեն Հարությունյանը։
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, քաղխորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը կայքի հետ զրույցում ասել է, որ ՔՊ–ի և «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունների հետ համագործակցության շուրջ քննարկումներ չկան։
«Այս պահին կուսակցությունը վերջնական որոշում չունի։ Եթե լինի, միանշանակ, կհրապարակենք։ Մինչև ավագանու առաջին նիստը ժամանակ կա, որը բավարար է որոշում կայացնելու համար։ Խնդիրն այն չէ, թե այս կամ այն համայնքում որ ուժին ենք միանալու։ Մեր մասնակցությունն այս ընտրություններին և առաջիկայում նախատեսված ընտրություններին բացառապես այդ համայնքներում աշխատելն ու դրանք հզորացնելն է, հետևաբար, ինքնանպատակ որևէ համագործակցություն չի լինելու», – նշել է Մեսրոպ Առաքելյանը։