20/10/2021 20:20
Կառավարության ամբիցիոզ ծրագիրը՝ «10 միլիոն ծառ» բնապահպանական նախաձեռնությունը, այդպես էլ կյանքի չի կոչվում, Արմավիրի մարզում տնկիների 90%-ը չորացել է․ Hetq.am (Տեսանյութ)
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. փոխակերպելով բանականությունը» համաժողովի բացման ելույթով ազդարարեց կառավարության «շատ ամբիցիոզ մի ծրագրի» մասին, որը պիտի իր գագաթնակետին հասներ 2020 թվականի հոկտեմբերի 10-ին:
«Այդ օրը մենք պլանավորում ենք Հայաստանի Հանրապետությունում տնկել 10 մլն ծառ 10-րդ ամսի 10-րդ օրը, որը կխորհրդանշի 10 մլն հայության միասնությունը Հայաստանի պետականության, Հայաստանի Հանրապետության շուրջ և Հայաստանի Հանրապետությունում»,- հայտարարեց Փաշինյանը:
Կառավարության ամբիցիոզ ծրագիրը՝ «10 միլիոն ծառ» բնապահպանական նախաձեռնությունն այդպես էլ կյանքի չի կոչվում: Ուսումնասիրելով գարնանը Արմավիրի մարզում իրականացված համապետական ծառատունկի արդյունքները, պարզեցինք, որ ծառերի մի մասը տնկվել է չոռոգվող տարածքներում, մի մասն էլ հատկացվել է արդեն չորացած վիճակում, և այդ պատճառով ծառատունկ չի կազմակերպվել: Պատկան մարմինների վերաբերմունքը թույլ է տալիս ենթադրել, որ ծրագիրը ձևական բնույթ է կրում և ամենևին նպատակ չի հետապնդում ավելացնել երկրում կանաչ տարածքները»,- գրել է Hetq.am-ը։
Լրատվամիջոցը ներկայացրել է ծրագրի իրականացման վերաբերյալ իր հետաքննության արդյունքները, կից հրապարակել նաև տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչ ճակատագրի են արժանացել, մասնավորապես, Արմավիրի մարզին հատկացված տնկիները։