21/10/2021 12:03
Արցախում իշխանությունները տեղահանվածների սոցիալական ծրագրերը խայտառակ ձևով են իրականացնում. «Վերադարձ Քաշաթաղ» ՀԿ ներկայացուցիչ
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում տեղահանված արցախցիների խնդիրների վերաբերյալ աշխատանքային քննարկում է։
«Վերադարձ Քաշաթաղ» ՀԿ ներկայացուցիչ Կարինե Մովսիսյանը հայտարարեց, թե իրենց համար սկզբունքային է կարգավիճակի հարցը։
«Մեզ համար, համենայն դեպս, չի կարող լինել փախստականի կարգավիճակ. ներքին տեղահանված, թե ինչպես, չեմ պատկերացնում։ Բայց որ մենք այսօր պետք է ինչ-որ կարգավիճակ ունենք, միանշանակ է», - ասաց ՀԿ ներկայացուցիչը։
Նա նշեց, թե սոցիալական ծրագրերը խայտառակ կերպով են իրականացվել։
«Մենք ականատես ենք եղել և լսում ենք մեր տեղահանվածներից, որ շատ մարդիկ, որոնք տարիներ շարունակ չեն ապրում հենց Քաշաթաղի շրջանում, շատ ծրագրերից կարողացել են օգտվել, իսկ մարդիկ, որոնք մինչև վերջ ապրել են շրջանում, այսօր չեն կարողանում այդ ծրագրերի շահառու դառնալ։ Երբ դիմում ես համապատասխան կառույցներին, որ լուծում տաս այդ խնդիրներին, բացարձակ արձագանք չկա։ Քար լռություն է, և մենք չենք հասկանում, թե ինչ պատճառով մարդիկ չեն ստացել այդ գումարները։ Այսօր խախտված են բոլոր տեղահանվածների իրավունքները, և ամենացավալին այն է, որ այսօր խախտված է հենց մեր ապրելու իրավունքը», - ասաց Կարինե Մովսիսյանը։
Նրա խոսքով՝ այն իրավիճակում, որում հայտնվել են իրենք, հնարավոր չէ ինչ-որ բան անել՝ առանց պետական ծրագրի։
«Եթե պատերազմից գոնե ամիսներ անց լուծվեր մարդկանց բնակարանի հարցը, այսօր մարդիկ շատ ավելի հանգիստ ու ապահով կզգային իրենց», - ասաց ՀԿ ներկայացուցիչը։