21/10/2021 12:32
Արցախի տարածքները հանձնած «հայրենասերներն» ասում են՝ եկեք, բնակվեք. ո՞ւմ եք ասում, բոլոր ստեփանակերտցիները փախել, եկել են ու Երևանում տներ առել. Շուշեցի (Տեսանյութ)
Մեր բնակչության առջև ծառացած էր ընդամենը մեկ խնդիր. մարդկանց պետք է ապահովեին կացարաններով։ Բայց մենք ինչ տեսանք, տեսանք առանց այն էլ սուղ միջոցների փոշիացում, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում տեղահանված արցախցիների խնդիրների վերաբերյալ աշխատանքային քննարկման ժամանակ հայտարարեց «Շուշիից բռնի տեղահանված հայ բնակչության» ՀԿ խորհրդի անդամ Աշոտ Հարությունյանը։
«Հարց է ծագում, ի՞նչ է արել, օրինակ, Շուշիի աշխարհազորը, որ աշխատավարձ է ստացել։ Շուշին հանձնել է, ուրիշ ոչինչ չի արել։ Թիվ մեկ խնդիրն այսօր Հայաստանում ապաստանած շուշեցիների համար համարում ենք այն վտանգը, որ իրենք փոշիացած են ամբողջ ՀՀ-ով մեկ։
Արցախում մարդիկ, ովքեր հանձնել են տարածքները, այսօր հայրենասեր են խաղում, ասում են, թե եկեք, բնակվեք։ Ո՞ւմ եք ասում, բոլոր ստեփանակերտցիները փախել, եկել են ու Երևանում տներ առել։ Եկեք պարզենք, թե ովքեր են, որ եկել են ստեղ, տներ առել։ Չեմ հասկանում, թե ինչ գներ են սահմանված Ստեփանակերտում տների համար։ Կատարվում է թալան, փախստական ժողովրդի թալան։ Եկեք գնանք Ստեփանակերտ, տեսնենք, թե քանի ստեփանակերտցի ենք հանդիպում ճանապարհին, հադրութեցիներ են, շուշեցիներ, մարտունեցիներ կարելի է տեսնել», -ասաց Աշոտ Հարությունյանը։
Նա հայտարարեց, թե պետք է պարզել, թե ով է այդ ամենը ղեկավարում։
«Ամենացավալին այն է, որ այս պատերազմի մեղավորներից ոչ ոք չի պատժվել», - ասաց Հարությունյանը։