21/10/2021 16:29
Հունիսի 20-ից հետո Նիկոլ Փաշինյանի վարկանիշը շեշտակիորեն իջել է, սա փաստ է․ իրավապաշտպան
Անշուշտ, հունիսի 20-ից հետո նաև Նիկոլ Փաշինյանի վարկանիշն է շեշտակիորեն իջել, սա փաստ է, հրավիրված ասուլիսում կարծիք հայտնեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ դիտարկելով տարբեր համայնքներում անցկացված ՏԻՄ ընտրություններին իշխող ՔՊ-ի գրանցած արդյունքները։
Ռուբեն Մելիքյանն ընդգծեց, որ թեև համապետական ու ՏԻՄ ընտրություններն իրենց առանձնահատկություններն ունեն ու դրանք նույն հարթության մեջ դիտարկելը ճիշտ չէ, սակայն առանձնացրեց փաստեր, որոնք վկայում են, թե ինչ վստահություն են վայելում իշխանությունն ու նրա ներկայացուցիչները ընտրողների շրջանում։
«Գյումրիում ցածր՝ մոտ 25 տոկոս մասնակցությունից միայն 1/3-ը, նույնիսկ ավելի քիչը, ընտրեցին ՔՊ-ի ներկայացուցչին։ Այսինքն, կարելի է ասել, որ Գյումրու բնակչության մոտ 8 տոկոսն է, որն այս պահին վստահության է արժանացնում ՔՊ-ին։ Տաթև համայնքում երկրորդ և երրորդ տեղերը գրաված ուժերը, որոնք չգիտեմ՝ կոալիցիա կկազմեն, թե ոչ, մեկով ավելի ձայն ունեին, քան ՔՊ-ի ներկայացուցչինն էր՝ 1288 և 1289։ Սա ուզում եմ հատուկ ընդգծել, որպեսզի բոլոր այն քաղաքացիները, որոնք ասում են՝ իմ ձայնը ի՞նչ պետք է որոշի, հիշեն, որ եղել է այսպիսի ընտրություն, որտեղ մեկ ձայնն է որոշիչ», - ասաց նա։
Իսկ Գորիսում ընդդիմադիր դաշինքի նկատմամբ իրավապահների գործողությունները թեև իշխանությանը ցանկալի արդյունք չտվին, սակայն, ըստ իրավապաշտպանի, պետք է ճիշտ գնահատականի արժանանան։
«Եթե ընտրության օրը քաղաքական ընդդիմախոսների դեմ այսպիսի ռեպրեսիաներ են կիրառվում, ուրեմն իրավապահ համակարգը պետք է համոզի, ոչ թե ինչ-որ հերթապահ ձևակերպումներով կարողանա բացատրել, թե ինչու էր հույժ կարևոր հենց այդ օրը, հենց այդ պահին այդ գործողությունները կատարելը։ Հակառակ դեպքում դա դասական բռնաճնշում է ընդդիմության նկատմամբ, որն իրականում, տեսանք, որ արդյունք չտվեց, բայց պատասխանատվությունից չի ազատում այդ բռնաճնշումներն իրականացնողներին», - ասաց Մելիքյանը։
Նա արձագանքեց նաև ՔՊ խմբակցության պատգամավոր, Գորիսում ՔՊ-ի թեկնածուի քարոզարշավն ակտիվ իրականացնող Արմեն Խաչատրյանի այն հայտարարությանը, թե իրենք «լավ են արել», որ ընտրությունների օրը այդքան ոստիկանական ուժեր են կուտակել Գորիսում։
«Ինչ վերաբերում է այդ անձին՝ ՔՊ-ի նախկին ոստիկան պատգամավորին, ապա այդ նախկին ոստիկանը, որը 2018 թվականին, բարձրաստիճան սպա լինելով, երդմանը հակառակ, ուղիղ համագործակցել է իշխանության զավթման փորձ կատարող ուժերի հետ, թող հիշի, որ եթե ինքն է «լավ անում», ուրիշն էլ իր նկատմամբ կարող է լավ անել, և այդ օրը հեռու չէ», - նշեց իրավապաշտպանը։
Հիշեցնենք, որ Գորիսում՝ «Առուշ Առուշանյան դաշինքի» շտաբում, ոստիկանության գործողությունների պատճառների մասին պարզաբանում էր ներկայացրել նաև ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։ Նա ասել էր, որ պարտադիր չէ, որպեսզի որևէ խնդիր լինի, նոր միայն ոստիկանությունը ձեռնարկի միջոցառումներ։ Ընդդիմադիր դաշինքի շտաբում ոստիկանության միջոցառումը, Ֆիդանյանի խոսքով, կանխարգելիչ բնույթի էր։