21/10/2021 15:02
«Ում արժեհամակարգում տեղավորվում է Ղազանչեցոցից «Ղազանչի» անցումը, իրենց տեղն ունեն Բաքվում»․ Երևանում մեկնարկել է Շուշիի անվան փողոց ունենալու պահանջով ստորագրահավաքը
Օրեր առաջ ՀՀԿ-ի Երևանի երիտասարդական կազմակերպությունը հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ մայրաքաղաքում կազմակերպելու է ստորագրահավաք՝ Երևանում Շուշիի փողոց ունենալու պահանջով։ Ստորագրահավաք անցկացվելու է նաև առցանց հարթակում, որից հետո արդյունքները ներկայացվելու են քաղաքապետարան։
ՀՀԿ-ի Երևանի երիտասարդական կազմակերպության նախաձեռնած ստորագրահավաքն այսօր արդեն մեկնարկել է, այն այս պահի դրությամբ անցկացվում է Երևանի 3 վարչական շրջանի այգիներում։
«Այս գործընթացը կշարունակվի մինչև կիրակի օրը՝ մարդաշատ վայրերում, այգիներում, հետո, որոշ ժամանակ, նաև առցանց հարթակում։ Ֆիքսված թիվ սահմանված չէ, թե ինչ թվով ստորագրությունների պարագայում է քաղաքապետարանը նման դիմումները դիտարկում, սակայն օրենքը պահանջում է նաև հանրային քննարկումներ անցկացնել, և դրանք կիրականացվեն բացօթյա, ազատ բոլորի համար, որպեսզի մեր համաքաղաքացիները կարողանան իրենց կարծիքը հայտնել», - լրագրողների հետ զրույցում գործընթացի մանրամասները ներկայացրեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
Պատգամավորն այս գործընթացի հիմքում դիտարկեց այն հանգամանքը, որ գործող իշխանությունները, վախվորած կեցվածք ցուցաբերելով, խուսափում են Շուշին ու Արցախի մյուս տարածքները օկուպացված անվանել։ Նա ընդգծեց, որ իշխանության ներկայացուցիչներն այդ մասին չեն համարձակվում բարձրաձայնել անգամ Հայաստանի խորհրդարանական ամբիոնից, ուստի նրանց կողմից միջազգային հարթակներում համապատասխան դիրքորոշում և ազգային շահերի պաշտպանություն ակնկալելը իրատեսական չէ։
«Մենք ուզում ենք այս խունտային ևս մեկ անգամ ցույց տալ, որ իրենք փոքրամասնություն են, իրենք չեն արտահայտում ժողովրդի իրական կարծիքը մեր հայրենիքի վերաբերյալ։ Որովհետև, եթե նրանց համար մեր հայրենիքի կորուստը իրենց պարագլխի ապիկար և որոշ դեպքերում՝ դավաճանական գործունեության պատճառով նորմալ է, ապա մեզ համար դա նորմալ չէ և դրա հետ հաշտվելու պլաններ մենք չունենք», - ասաց Հայկ Մամիջանյանը։
Ինչ վերաբերում է մայրաքաղաքում հենց Շուշիի անվան փողոց անվանակոչելուն, ապա այս դեպքում Շուշին, Մամիջանյանի խոսքով, ընտրվել է որպես նվիրական խորհրդանիշ։
«Մեզ և մեզ պես մտածող մարդկանց համար նորմալ չէ, տրամաբանական և համակերպվելու չէ Ղազանչեցոցից «Ղազանչի» անցումը։ Մեր ուղեղում, մեր արժեհամակարգի մեջ դա չի տեղավորվում։ Բոլոր այն մարդիկ, որոնց արժեհամակարգի մեջ դա տեղավորվում է, իրենց տեղն ունեն Բաքվում, թող գնան այնտեղ։ Երևան քաղաքում, այո, պետք է լինի Շուշիի փողոց։ Այո, մեր համաքաղաքացիները միշտ պետք է վառ պահեն այն գաղափարը, որ Շուշին մեր հայրենիքն է, Հադրութը մեր հայրենիքն է», - ասաց պատգամավորը։
Նա հավելեց, որ Երևանի քաղաքային իշխանությունը շանս ունի ապացուցելու՝ համակարծի՞ք է Շուշիի կարևորության, մեր հայրենիքի կորստի խնդրի շուրջ, թե՞ ընդամենը լուռ կամակատար է։