21/10/2021 14:00
«Մի փոքր կպակասեն մեր գերեկամուտները, բայց կդիմանանք». Աղվան Վարդանյանը կոչ արեց հունվարի 2-ն ու 7-ը ոչ աշխատանքային օր պահել
Ազգային ժողովում քննարկվում է Ամանորի ոչ աշխատանքային օրերի հարցը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը կոչ արեց հունվարի 2-ն անպայման ներառել ոչ աշխատանքային օրերի ցանկում։
«Մի փոքր կպակասեն մեր գերեկամուտները, բայց կդիմանանք, առաջարկում եմ նաև ամսի 7-ը՝ Մեռելոցի օրը, ևս ներառել», - ասաց Վարդանյանը։
«Հայաստան» խմբակցությունից մեկ այլ պատգամավոր Արամ Վարդևանյանն էլ պնդեց՝ հունվարի 2-ը պետք է լինի ոչ աշխատանքային։
«Այն միտքն էլ, որ հնչեց ամսի 7-ի վերաբեյալ, առավել քան հիմնավոր է», - ասաց Վարդևանյանը։
Նա, այնուամենայնիվ, նշեց, որ հանրային ծառայողների համար, իսկապես, առաջնային է, որ տոն օրերը քիչ լինեն։
«Ես քիչ եմ հակված ամսի 7-ի հարցում, այսպես ասած, զիջման գնալ, իսկ ամսի 2-ն ավելի հավանական է, որ կդիտարկենք որպես առաջարկ ընդունել», - ասաց Քերոբյանը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 16-ի Կառավարության նիստում որոշում է ընդունվել «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին։
Ըստ դրա՝ Ամանորի և Ծննդյան տոները նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ը ներառյալ (Ամանոր) և հունվարի 6-ը (Սուրբ Ծնունդ և Հայտնություն)։ Այդ օրերը ոչ աշխատանքային կլինեն։
Իսկ հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը աշխատանքային օրեր են սահմանվում։
Կառավարությունում կարծում են, որ օրենքի ընդունումը կապահովվի սոցիալ-տնտեսական և ֆինանսական համակարգերի բնականոն գործունեությունը, ինչը դրական ազդեցություն կունենա առևտրի, արդյունաբերության, ծառայությունների թողարկման ծավալի և այլ բնագավառների վրա։