21/10/2021 15:43
ԱՄՆ-ն Հայաստանին ֆինանսական միջոցներ կհատկացնի՝ մեղմելու պատերազմի հետևանքով առաջացած խնդիրները
Հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև առավել մասնակցային, արդյունավետ և հաշվետու կառավարման զարգացմանն ուղղված համագործակցության համաձայնագրի փոփոխություն թիվ տասնմեկը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագիծը:
Համաձայնագիրը կնքվել է 2013թ. սեպտեմբերի 28-ին, որի հիմնական նպատակն է՝ օգնել ՀՀ-ին արագ անցում կատարել դեպի կառավարման ավելի մասնակցային, արդյունավետ և հաշվետվողական ձևին:
Համաձայնագրի շրջանակում ամերիկյան կողմից հատկացվում են ֆինանսական միջոցներ՝ աջակցելու ՀՀ կառավարության բարեփոխումներին այնպիսի գերակա ոլորտներում, ինչպիսիք են ընտրությունների վարչարարությունը և քաղաքական կուսակցությունները, օրենսդրության ամրապնդումը, ապակենտրոնացումը և տեղական ինքնակառավարումը, օրենքի գերակայությունը, թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, քաղաքացիական հասարակությունը և լրատվամիջոցների կարողությունների զարգացումը:
Մինչ այսօր նշված համաձայնագրում կատարվել է 10 փոփոխություն` յուրաքանչյուր փոփոխությամբ նախատեսելով լրացուցիչ ֆինանսական հատկացում և/կամ նոր ծրագրային ոլորտ: 11-րդ փոփոխությամբ նախատեսվում է համաձայնագրի շրջանակում իրականացվող ծրագրերի համար ավելացնել 1,858,470.56 ԱՄՆ դոլար՝ դարձնելով ԱՄՆ ՄԶԳ նախատեսվող ընդհանուր ներդրումը 66,198,913.56 ԱՄՆ դոլար: Oժանդակության ծրագրերով նախատեսվում է աջակցել խոցելի բնակչությանը և մեղմել 2020 թ. սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով առաջացած խնդիրները:
Այս փոփոխությամբ ֆինանսավորում է տրամադրվում հակամարտությունից անմիջականորեն տուժած կանանց և աղջիկներին սոցիալական ծառայությունների մատուցման համար, ներառյալ ԼՂ-ից տեղահանվածներին և հակամարտության հետևանքով զոհված, վիրավոր կամ անհետ կորած անձանց ընտանիքի անդամներին: Լրացուցիչ ֆինանսավորման 1,358,470.56 ԱՄՆ դոլարը կուղղվի Հակամարտության մեղմում և կայունացում ծրագրային ոլորտին, իսկ 500 000 ԱՄՆ դոլարը՝ Իրավունքի գերակայություն և մարդու իրավունքների ծրագրային ոլորտին՝ աջակցելու մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարին ուղղված նախաձեռնություններին: