21/10/2021 20:11
Քաղաքացիներին առավել արդյունավետ ծառայություններ մատուցելու նպատակով պարզաբանվում են կառուցապատման թույլտվությունների գործող ընթացակարգերը
Երևանում կառուցապատման թույլտվությունների գործող ընթացակարգերի պարզաբանման և ոլորտում առկա խնդիրների բարձրաձայնման նպատակով Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունը հանդիպումների շարք է նախաձեռնել նախագծող կազմակերպությունների և անհատ ճարտարապետների հետ:
Շարունակական բնույթ կրող հանդիպումների ընթացքում մասնակիցներին ներկայացվելու է ոլորտին առնչվող՝ ՀՀ-ում գործող օրենքներին, նորմատիվատեխնիկական փաստաթղթերին, նախագծային փաստաթղթերի կազմին և բովանդակությանը վերաբերող այն հիմնական ցանկը, որն անհրաժեշտ է քաղաքապետարանի կողմից կառուցապատման թույլտվությունների տրամադրման դիմում-հայտերի քննարկման համար:
«Մեր կողմից կազմակերպվող քննարկումներն ուղղված են քաղաքացիներին առավել արդյունավետ ծառայություն մատուցելուն: Հաշվի առնելով այն, որ նշվածի մեջ էական դեր են խաղում նախագծային կազմակերպությունները և անհատ ճարտարապետները, նախաձեռնել ենք հանդիպումների շարք՝ ներկայացվող փաստաթղթերի կազմին ու բովանդակությանը նախագծող կազմակերպությունների ուշադրությունը հրավիրելու նպատակով: Քաղաքացիների կողմից Երևանի քաղաքապետարան ներկայացվող դիմում-հայտերի բազմակողմանի ուսումնասիրությունն իրենից ներկայացնում է ժամանակատար գործընթաց, որի արդյունքում դիմումներին կից ներկայացվող փաստաթղթերի զգալի մասը ետ է ուղարկվում լրամշակման՝ ոչ լիարժեք տեղեկություններ պարունակելու պատճառով: Ներկայացվող դիմում-հայտերի քանակը աննախադեպ է, որն իրենից ենթադրում է համապատասխան ռեսուրսների առկայություն, հայտերի ուսումնասիրությունը ժամանակին և պատշաճ կազմակերպելու համար անհրաժեշտ է նաև նախագծող կազմակերպությունների և անհատ ճարտարապետների մասնակցությունը՝ դիմումատուներին մասնագիտական ճիշտ խորհրդատվություն տրամադրելու համար»,- նշել է Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի ժ/պ Վահե Բալասյանն ու նկատել, որ մասնագիտական պատշաճ խորհրդատվության ու պահանջվող փաստաթղթերի կազմին և բովանդակությանը ուշադրություն դարձնելու պարագայում մերժված և լրամշակման ուղարկված դիմում-հայտերի քանակն էականորեն կնվազի:
Հանդիպման ավարտին մեկ անգամ ևս նշվել է, որ Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է՝ քննարկելու և իր լիազորությունների շրջանակներում օժանդակելու ոլորտին առնչվող խնդիրների լուծմանը, ինչպես նաև նախագծող կազմակերպությունների կողմից բարձրացվող առաջարկների իրագործմանը: