21/10/2021 17:27
«Դա ուղղակի անթույլատրելի կլինի». կրթության փորձագետը կտրականապես դեմ է Հայաստանում ռուսական դպրոցների հնարավոր բացմանը
Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը խիստ բացասաբար է վերաբերում որևէ պահի Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու հեռանկարին՝ գտնելով, որ նման հարց, առհասարակ, անթույլատրելի է երկրի օրակարգում ներառել։
«Դա ուղղակի անթույլատրելի կլինի, որովհետև ռուսական, թե չինական դպրոց լինի, այն պետք է աշխատի տվյալ երկրի պետական լեզվով և ծրագրով։ Բայց ես ամենևին դեմ չեմ, որպեսզի ռուսաց լեզվի մակարդակը հայկական դպրոցներում բարձրացվի. պետք է այնպես անել, որ այդ լեզվով շփվելու հմտություններն ու կարողությունները զարգանան»,-Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փորձագետը՝ անդրադառնալով ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հավաստիցմանը, որ այս պահին Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու հարց օրակարգում չկա։
Նրա խոսքով՝ ռուսական դպրոց բացելով՝ նման խնդիր հնարավոր չէ լուծել։
«Հակառակը, մենք կարող ենք միմյանց դեմ տրամադրել մարդկանց. չէ՞ որ կան ազգային գաղափարախոսության հետևանքներ, որոնք անգամ չեն ուզում օտարալեզու դպրոցների մասին լսել։ Այնպես որ՝ սա լրացուցիչ լարվածության տեղ կտա՝ ոչ մի օգուտ չբերելով ռուսաց լեզվին և Ռուսաստանին»,- ասաց փորձագետը։
Ատոմ Մխիթարյանի համոզմամբ՝ այլ երկրում մեկ-երկու դպրոց բացելով՝ Ռուսաստանը կամ մեկ այլ պետություն որևէ էական հարց չեն լուծելու։
«Եթե, օրինակ, Հայաստանում մի քանի ռուսական դպրոց ունենանք, դա էական ազդեցություն չի ունենա։ Բայց պետք է միաժամանակ հասկանալ, որ ռուսաց լեզվի դրվածքը, խորհրդային տարիների համեմատ, Հայաստանում ահռելի հետընթաց է ապրել։ Մինչդեռ, ավագ սերունդն այդ լեզվով հնարավորություն է ունեցել հաղորդակցվելու համաշխարհային, եվրոպական մշակույթների հետ, ռուսերենով ընթերցելու բարձրարժեք գրականություն»,- նշեց մասնագետը։