21/10/2021 19:27
Հայաստանում հիմնական կրթությունը պետք է իրականացվի բացառապես հայերենով. կրթության փորձագետ
2010 թվականից սկսած՝ օտարալեզու դպրոցների հանդեպ իմ վերաբերմունքը չի փոխվել։ Ես համարում եմ, որ Հայաստանում հիմնական կրթությունը պետք է իրականացվի բացառապես հայերենով, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց կրթության փորձագետ Սամվել Կարաբեկյանը՝ անդրադառնալով ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հավաստիացմանը, որ այս պահին Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու հարց օրակարգում չկա։
«Սա քննարկումից դուրս հարց է։ Դա նույնն է, ինչ որ քննարկես՝ պե՞տք է ապրել սեփական երկրում, թե ոչ»,- նշեց փորձագետը։
Սամվել Կարաբեկյանի խոսքով, սակայն, պետք է զարկ տալ որակյալ լեզվական կրթությանը՝ կլինի դա ռուսերեն, անգլերեն, թե մեկ այլ օտար լեզու։
Հիշեցնենք, որ Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու մասին ՌԴ արտգործնախարարի հայտարարությունը լսելուց հետո Վահրամ Դումանյանն այսօր լրագրողներին ասել էր․ «Նման հարց օրակարգում չկա։ Վստահ եղեք՝ այս պահին նման հարց օրակարգում չունենք»։
Սերգեյ Լավրովն ավելի վաղ հայտարարել էր, որ Տաջիկստանում ռուսական մեթոդաբանության ուսուցման ամբողջական ծրագրով հինգ ռուսական դպրոց է բացվելու։
«Այժմ նմանատիպ ծրագիր է պատրաստվում Ուզբեկստանի համար։ Վերջին շրջանում Հայաստանի նոր ղեկավարությունը հետաքրքրություն է ցուցաբերել, որպեսզի նույնպիսի ծրագիր արվի Հայաստանի համար», - ասել էր ՌԴ արտգործնախարարը։