21/10/2021 18:00
Մեր որդիները զոհվեցին, որպեսզի այս ազգը լրջանա․ զոհված զինծառայողի հայր
«Զոհվածների ծնողների մեջ ես ինձ համարում եմ «բախտավոր»։ Ես չգիտեմ՝ դուք ինչպես կպատկերացնեք որդի կորցնելն ու «բախտավոր» լինելը։ Իմ բախտը բերեց նրանով, որ ես զոհված որդուս երեսը տեսա, ամբողջությամբ մարմինը կար։ Երբ համեմատում եմ ինձ այն ծնողների հետ, որոնք չգիտեն՝ իրենց որդիները զոհվել են, թե գերի են, արդեն պատկերացնում եմ նրանց ընտանիքների վիճակը»,- «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության կազմակերպած քննարկմանն ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի հայրը։
Նրա խոսքով՝ իրենց որդիները զոհվել են, որպեսզի յուրաքանչյուր հայ վերհիշի իր պատմությունն ու զգաստանա։
«Մեր որդիները զոհվեցին, որ ամեն մի հայ, ամեն մի երիտասարդ մեր պատմությունը վերհիշի, քարտեզին նայի, հետո իր կողքերը նայի, որպեսզի լրջանա։ Մեր որդիները զոհվեցին, որպեսզի այս ազգը լրջանա»,- ասաց զոհված զինվորի հայրը։
Նա ցավով փաստեց սակայն, որ այսօր ստեղծված պայմաններում իրենք վստահություն չունեն ո՛չ պաշտոնապես հնչող հայտարարությունների, ոչ էլ ապագայի նկատմամբ։
«Վարչապետն ինչ է ասում, որն է սուտ, որն է ճիշտ, չգիտեմ։ Չգիտեմ՝ ճիշտ կա, թե չկա։ Ամենամեծ հիասթափությունն այն է, որ մենք մեր ապագան չենք տեսնում»,- նշեց զոհված զինծառայողի հայրը։
Նա անդրադարձավ նաև հասարակության վերաբերմունքին ու տրամադրություններին․ Եռաբլուրի շիրիմներից երկու քայլ հեռանալուց հետո մարդկանց գործողություններն ու քայլերը չեն վկայում այն մասին, որ խորությամբ գիտակցել են տեղի ունեցածը, գիշերային հրավառությունները չեն խոսում այն մասին, որ հասկանում են կորցրած տարածքների ու մեծաթիվ կորուստների արժեքը։ Ընտրությունների արդյունքներն էլ համոզիչ չեն թվում։
«Մեկ-մեկ մտածում եմ՝ ընտրողների քանակն այդքան շա՞տ է եղել, թե՞ ոչ։ Համոզված չեմ, որ այսքան շատ լինեին։ Ես ինքս չեմ հավատում, որ մեր ժողովրդի մեջ անորակն այնքան շատ էր, որ կգնար, նրան կընտրեր»,- ասաց պատերազմում ընկած զինվորի հայրը։