22/10/2021 14:02
Ադրբեջանը գերիների հարցը փորձում է օգտագործել Հայաստանից նոր զիջումներ կորզելու համար. պատգամավոր
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ՝ գերիների հարցը Ադրբեջանը շահարկման առարկա է դարձրել։
«Ադրբեջանը գերիների հարցը փորձում է օգտագործել Հայաստանից նոր զիջումներ կորզելու համար»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց պատգամավորը։
Նա ընդգծեց՝ իշխանության պահվածքի ու իրավիճակին ոչ ադեկվատ քայլեր ձեռնարկելու արդյունքում Ադրբեջանը հնարավորություն է ստացել թեման շահարկելու, Հայաստանի առաջ նոր պահանջներ դնելու ու այդ պահանջները ստանալու համար։
«Ցանկացած դեպքում ռազմագերիների հարցը քննարկելիս պետք է հաշվի առնենք՝ Հայաստանը ժամկետային ամրագրում չի դրել նոյեմբերի 9-ի փաստաթղթում, դա այն եզակի դրույթներից էր, որը բարենպաստ էր մեզ համար ու, ի տարբերություն Քարվաճառի, Քաշաթաղի կամ Ակնայի շրջանի հանձնմանը, որտեղ հստակ ժամկետներ էր դրված, գերիների վերադարձի հարցում որևէ ժամկետ սահմանված չէր»,-ասաց Աբրահամյանը։
Պատգամավորի խոսքով՝ սա խոսում է ոչ միայն այս իշխանությունների՝ մարդկային ճակատագրերի նկատմամբ ունեցած վերաբերմունքի մասին, այլ ևս մեկ անգամ հուշում է՝ այսօր կամ վաղը ընթացող ցանկացած գործընթացում, եթե Հայաստանը ներկայացնում են այս նույն մարդիկ, ապա այս գործընթացից նպաստավոր դուրս գալու որևէ հնարավորություն չկա։
«Իմ տպավորությամբ՝ գերիների վերադարձի հարցով գլխավոր շահագրգիռ կողմը Ռուսաստանն է։ Ադրբեջանը հայտարարում է, որ ինքն այլևս չունի գերի, որոնք վերադարձման ենթակա են, սակայն այդ հայտարարությունից հետո մեր մի խումբ հայրենակիցներ վերադարձել են ու հույս ունենանք, որ Ռուսաստանի քաղաքականությունը մեր տարածաշրջանում շատ ավելի ներդաշնակ կլինի մեր շահերի հետ, ինչի արդյունքում գոնե այս իշխանության տոտալ բացակայության պայմաններում հնարավորություն կստանանք մեր հայրենակիցներին վերադարձնել հայրենիք»,-ասաց Տիգրան Աբրահամյանը։