22/10/2021 13:29
Այս իշխանությունների կեցվածքը, վարած քաղաքականությունը ցույց է տալիս, որ Հայաստանը չի կարող շահած դուրս գալ. Տիգրան Աբրահամյան
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի համար առաջիկա բոլոր մարտահրավերների հաղթահարման հիմքում կարևորը Հայաստանի պաշտպանական հնարավորությունների արդիականացումն է։
«Կարևորը հայկական զինուժի վերականգնումն է, որը բազմաթիվ կորուստներ է ունեցել ինչպես մարդկային առումով, այնպես էլ դիրքային, մարտավարական ու ռազմական առումով։ Մինչև մենք չգնանք մեր Զինված ուժերի արմատական ու իրական բարեփոխումների ճանապարհով, մենք որևէ հարցում հաջողություններ ակնկալել ուղղակի չենք կարող», - լրագրողների հետ հանդիպման ասաց Աբրահամյանը։
Նա նշեց, թե այս իշխանությունը որևէ լուրջ քայլ չի ձեռարկում այս տեսանկյունից։
«Իշխանությունն ուղղակի զբաղված է տարբեր քաղաքական գործիչների, ԶԼՄ-ների, լրագրողների նկատմամբ քաղաքական տարբեր գործիքների կիրառմամբ», - ասաց պատգամավորը։
Ընդդիմադիր պատգամավորն անթույլատրելի համարեց հարձակումները ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ուղղությամբ։
«Միայն այն պատճառով, որ ՄԻՊ-ը, թերևս, այն միակ քիչ ինտիտուտներից է, որը մինչև պատերազմը, պատերազմի ընթացքում ու պատերազմից հետո հսկայական աշխատանք է տարել։ Ակնհայտ է, որ ՄԻՊ-ը հարձակումների է ենթարկվում միայն այն պատճառով, որ հանրությանը տեղեկացնում է այն իրականությունը, ինչը գոյություն ունի առաջնագծի տարբեր տեղամասերում», - ասաց Աբրահամյանը։
Նա նշեց, թե այս իշխանության համար միակ նպատակը քողարկելն է այն իրական իրավիճակը, որը կա առաջնագծում։
Աբրահամյանը պնդեց՝ այս իշխանության նպատակը արտաքին վեկտորի փոփոխությունն է։
«Ցավոք, Արցախի ու Հայաստանի շուրջ տարվող գործընթացի մի հսկայական մաս այսօր շարունակում է մնալ չհանրայնացված։ Այս իշխանությունների կեցվածքը, վարած քաղաքականությունը ինքնին ցույց է տալիս, որ որևէ գորըծնթացում նվազագույնն այս փուլում Հայաստանը չի կարող շահած դուրս գալ», - ասաց պատգամավորը։
Տիգրան Աբրահամյանն ընդգծեց՝ Հայաստանի իշխանությունները հնարավորություն չեն ստեղծում սինխրոնացնելու մեր մոտեցումները Իրանի, Վրաստանի ու Ռուսաստանի հետ։
«Մենք, ցավոք, այս իշխանության պայմաններում դատապարտված ենք մեր շահերը ոտնահարող տարբեր գործընթացիների մասը լինելու։ Այս իշխանության ներկայության պայմաններում մեզ համար արդյունավետ լուծումների հավանականությունը շատ փոքր է», - ասաց նա։