22/10/2021 18:43
«Օրենսդիրն Առուշի տեղը չէ․ նրա բոլոր նախաձեռնություններն ու ծրագրերն ուղղված են Գորիսին»․ վերընտրված համայնքապետի հայրը հայտնել է, որ որդին մանդատը չի վերցնի
Առուշ Առուշանյանը պատգամավորական մանդատը չի վերցնելու»,- «Սպուտնիկ Արմենիա» –ի հետ զրույցում տեղեկությունը հայտնել է Առուշանյանի հայրը` Գագիկ Առուշանյանը` մեկնաբանելով մամուլում տարածված տեղեկությունները, թե ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Դավիթ Սեդրակյանի մանդատից հրաժարվելուց հետո հնարավոր է, որ դաշինքի հաջորդ համարը` Առուշ Առուշանյանը վերցնի իր մանդատը։
«Օրենսդիրն Առուշի տեղը չէ։ Առուշը շատ է սիրում մեր հող ու ջուրը։ Նրա առաքելությունը մեր համայնքը շենացնելն է։ Այդ մասին Առուշը սկսել է խոսել դեռ 16 տարեկանից։ Առուշի բոլոր նախաձեռնություններն ու ծրագրերն ուղղված են Գորիս համայնքի առաջընթացին, զարգացմանը և գորիսեցիների կյանքի որակի բարելավմանը»,- ասել է Գագիկ Առուշանյանը։
Այսօր հայտնի դարձավ, որ մանդատը վայր դնելու վերաբերյալ հայտարարություն է արել «Հայաստան» դաշինքի պատգամավոր Դավիթ Սեդրակյանը։ Ցուցակում հաջորդը, որը պիտի զբաղեցնի պատգամավորի թափուր մանդատը, անցած կիրակի Գորիս համայնքի ՏԻՄ ընտրություններում վերընտրված Առուշ Առուշանյանն է, որն այժմ կալանավորված է։