22/10/2021 15:49
Էներգիայի շաբաթ՝ Երևանում. «Էներջի Սիթի» հաքաթոն
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է 18-35 տարեկան նորարարներին, գործարար մտածողություն ունեցող ստեղծագործ մարդկանց, ծրագրավորման և տվյալների վերլուծության հմտություններ ունեցող երիտասարդներին, ինժեներներին, երիտասարդ գիտնականներին մասնակցելու Էներգիայի շաբաթվա շրջանակում անցկացվող «Էներջի Սիթի» հաքաթոնին։
12-ժամյա հաքաթոնը հնարավորություն է ներկայացնելու Երևանի կայուն էներգետիկ զարգացման լուծումները։
Միջոցառման նպատակն է՝
• քաղաքում նախապես ընտրված թիրախային համարվող ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու նպատակով օպտիմալ և նորարար լուծումների առաջարկումը,
• համայնքային խնդիրների լուծման գործում երիտասարդների մասնակցության ապահովումը,
• նոր հմտություններ ձեռք բերելու հնարավորությունը,
• քաղաքային միջավայրի բարելավման միջոցառումների վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացումը:
Առանձնացված թիրախային ոլորտներն են՝
• քաղաքային կանաչ լուծումներ,
• «կանաչ» տրանսպորտ,
• էներգախնայողությունը՝ քաղաքային տնտեսությունում,
• վերականգնվող էներգիայի օգտագործումը քաղաքային տնտեսությունում,
• աղբի կառավարում,
ՏՏ տեխնոլոգիաները՝ որպես կանաչ տնտեսության զարգացման գործիք:
Սահմանված ժամանակահատվածում մասնակիցները պետք է մշակեն կլիմայական մարտահրավերին առնչվող լուծումներ:
Լավագույն լուծումներ առաջարկած թիմերը հնարավորություն և աջակցություն կստանան՝ զարգացնելու իրենց գաղափարներն ու դրանք կիրառելու քաղաքում:
Մրցանակներ նախատեսվում են երկու անվանակարգերում՝ «Լավագույն լուծում», «Լավագույն նորարարական» լուծում:
Հաքաթոնը տեղի կունենա Երևանի քաղաքապետարանում, ս.թ. հոկտեմբերի 27-ին՝ ժամը 10:00-ից մինչ երեկոյան 22:00-ն:
Մասնակիցները պետք է ներկայանան իրենց համակարգիչներով: