22/10/2021 14:12
Լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ իրականացվող սահմանափակումները մտահոգիչ են, դրանք հետադիմական են և բարդացնում են իրավիճակը. Աշոտ Մելիքյան
2021 թվականի երրորդ եռամսյակը լրագրողների և լրատվամիջոցների համար խիստ մտահոգիչ էր, հատկապես, նոր սահմանափակումներ կիրառելու տեսանկյունից, այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ ներկայացնելով ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի մասին ԽԱՊԿ 2021թ. երրորդ եռամսյակի զեկույցը։
«Այդ սահմանափակումները և՛ օրենսդրական նախաձեռնությունների միջոցով էին, և՛ տարբեր նորմատիվ իրավական ակտերի ընդունմամբ, և, իհարկե, պրակտիկ գործողություններով, որոնք սահմանափակում էին լրագրողական գործունեությունը» , - ասաց Մելիքյանը՝ նշելով, թե լրատվամիջոցների նկատմամբ սահմանափակումները, օրենսդրական նախաձեռնություններն իրենք հետադիմական են համարում և դրանք էլ ավելի բարդացնում են իրավիճակը։
ԶԼՄ-ների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին մի խումբ իմքայլական պատգամավորների նախաձեռնության մեջ, ըստ Աշոտ Մելիքյանի, կան դրույթներ, որոնք հակասում են խոսքի ազատությանը, եվրոպական մոտեցումներին։
Մելիքյանն ասաց, թե խոսքը վերաբերում է անանուն աղբյուրներին հղում անելու արգելքին։
«Դա ուղղակի անթույլատրելի արգելք է, քանի որ լրատվամիջոցների համար անանուն աղբյուրներից օգտվելը պարտադիր պայման է»,-ասաց նա։
Անդրադառնալով հայհոյանքը քրեականացնելու մասին օրենքին, որը վերջերս ընդունվեց Ազգային ժողովի կողմից, Աշոտ Մելիքյանն ասաց.
«Մենք կարծում ենք, որ այս օրենքը կավելացնի ընդդեմ լրատվամիջոցների և լրագրողների դատական հայցերի հոսքը։ Դիտարկվող ժամանակահատվածում մենք արձանագրել են 15 նոր հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների, որոնց մեծ մասը պաշտոնյաների և պետական մարմինների կողմից է»։