22/10/2021 17:46
Իրանի հետ աշխատելու լրջագույն հնարավորություններ կան՝ հաշվի առնելով քաղաքական և աշխարհաքաղաքական փոփոխությունները․ Վարդան Ոսկանյան
«Թշնամուն, անշուշտ, չպետք է թերագնահատել, բայց, կարծում եմ, Ադրբեջանի գործողություններում «բլեֆի» որոշակի բաղադրիչ կա։ Ակնհայտ է, որ երբ Ադրբեջանը հայտարարում է, որ ավելացնում է իր ռազմական ծախսերը 500 միլիոն դոլարով, դա բացառապես ավելացում չէ, այլ 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կրած հսկայական կորուստների վերականգնում է։ Ադրբեջանը կրել է հսկայական կորուստներ, մենք դա պետք է արձանագրենք։ Կարծում եմ՝ առնվազն 500 միլիոն դոլարի կորուստ Ադրբեջանը ռազմական տիրույթում կրել է։ Հետևաբար, այդ 500 միլիոն դոլարն օգտագործվել է ոչ թե ռազմական ներուժն ավելացնելու համար, այլ առկա կորուստները կամ դրանց մի մասը գոնե վերականգնելու համար»,- «ՀՀ-ին և Արցախին սպառնացող վտանգները և հաղթահարման ուղիները» թեմայով քննարկմանը նշեց ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։
Նա ուշադրություն հրավիրեց նաև Ադրբեջանի ներհասարակական տրամադրությունների վրա։ Ադրբեջանում արմատացած էր կարծիքը, որ երկրի ու հասարակության բոլոր խնդիրներն առչվում են Արցախի հիմնահարցի հետ, որի «լուծումից» հետո դրանք էլ, ինքնաբերաբար, լուծվելու են, ինչը, սակայն, իրականության հետ որևէ աղերս չունի։ Չարդարացված այս սպասումները, այդ թվում՝ սոցիալական, դժգոհություն են առաջացնում միջին վիճակագրական ադրբեջանցու մոտ։
Մեկ այլ գործոն, որն ի վնաս Ադրբեջանի է աշխատում, ըստ Վարդան Ոսկանյանի, այդ երկրի ինքնիշխանության որոշակի կորուստն է՝ ավելի մեծ կախումը Թուրքիայից, նաև Ադրբեջանի ներսում իրանական ազդեցության ավելացումը։
«Այժմ Ադրբեջանում շատ խնդիրներ լուծելու առումով Էրդողանն ունի շատ ավելի մեծ հնարավորություններ, քան Իլհամ Ալիևը։ Ադրբեջանի ներսում, սրան զուգահեռ, աճել է նաև իրանական ազդեցությունը։ Բոլորի համար կանհայտ է, որ այս տարածաշրջանում Ադրբեջանը այժմ իր թիվ մեկ սպառնալիքը համարում է նույնիսկ ոչ թե ռուս խաղաղապահների ներկայությունը, այլ իրանական ազդեցությունն իր պետության ներսում։ Իրանական ազդեցությունը, որը տասնամյակներ շարունակ աշխատել է ոչ թե այս պետության ռազմաքաղաքական վերնախավի հետ, այլ այս պետության հասարակ բնակչի հետ՝ նույն մեթոդաբանությամբ, ինչ մեթոդաբանությամբ իրանական հոգևորականությունն աշխատում էր սեփական պետության ներսում»,- նշեց իրանագետը։
Այս հանգամանքները հաշվի առնելով, նաև դրանց զուգահեռ,Հայաստանն, ըստ նրա, պետք է օգտագործի նաև այն հնարավորությունները, որոնք ստեղծվել են տարածաշրջանում․ ավելի ակտիվ աշխատի Իրանի հետ՝ հատկապես, որ Իրանի նախկին իշխանությունների որդեգրած գիծը՝ Ադրբեջանի հետ հարաբերություններ կառուցել տնտեսական հարաբերությունների հիմքով, այլևս չկա։
«Իրանի քաղաքական վերնախավում տեղի է ունեցել լրջագույն փոփոխություն, որը մենք չենք արձանագրել։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը բացահայտ ստանձնել է այս պետության քաղաքական ղեկավարումը։ Իրանի հետ աշխատելու լրջագույն հնարավորություններ կան՝ հաշվի առնելով քաղաքական փոփոխությունները, աշխարհաքաղաքական փոփոխությունները, որոնք ցույց տվին, որ Իրանի ռեֆորմիստական կառավարությունն առաջնորդվում էր պատրանքներով՝ որոշ դեպքերում նաև 44-օրյա պատերազմի ընթացքում»,- ընդգծեց Վարդան Ոսկանյանը։