22/10/2021 12:27
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը համոզված է, որ Իրանը միջազգային հանրությունից գաղտնի ուրանի հարստացմամբ չի զբաղվում
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին համոզմունք է հայտնել, որ Իրանը միջազգային հանրությունից գաղտնի ուրանի հարստացմամբ չի զբաղվում։
Գրոսսին այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել Հենրի Սթիմսոնի անվան վաշինգտոնյան կենտրոնի կազմակերպած սեմինարի ընթացքում։
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը, պատասխանելով հարցին, թե վստա՞հ է, որ Իրանը գաղտնի չի զբաղվում ուրանի հարստացմամբ, պատասխանել է․ «Ես ոչ մի տեղեկություն չունեմ, որ նրանք այդպիսի բան են անում։ Վստահ եմ, որ դիտարկվում են բոլոր այն վայրերը, որտեղ նրանք բաց եղանակով ուրանի հարստացմամբ են զբաղվում»։
Գրոսսին հավելել է, որ այս մասին իր ղեկավարած կազմակերպությանը փոխանցվող ինֆորմացիային ինքը վստահում է, մեծ վստահություն ունի նաև, որ տեսչական մարմինն ունակ է պարզել, թե ինչ է կատարվում Իրանում՝ իրենց համար թույլատրելի սահմաններում։