25/10/2021 17:03
Ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են տարվում՝ Դադիվանք ուխտագնացությունները վերականգնելու համար
Արցախը Բաքվի հետ ռուս խաղաղապահների միջոցով բանակցություններ է վարում՝ դեպի Դադիվանք ուխտագնացությունները վերականգնելու վերաբերյալ, Ստեփանակերտում լրագրողներին ասել է Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ նոյեմբերից մինչև մայիս ադրբեջանական կողմը ամեն կերպ բարդացնում ու ձգձգում էր ուխտավորների այցերը։ Սկզբում պահանջում էին ուխտավորների տվյալները, հետո ստուգման գործընթացն էին երկարացրել, պատճառ էին բերում համավարակը, ապա՝ Թարթառ գետի բարձրացումը։ Տեսնելով, որ հայկական կողմը համառորեն շարունակում է ուխտագնացությունները, մայիսի 12-ից դրանք վերջնականապես արգելեցին։ Արցախի հոգևոր առաջնորդի կարծիքով՝ այդ ամենը ադրբեջանցիների «ավելի խոսուն ներկայություն ունենալու» հետևանքն էր։
Այժմ, ինչպես հայտնել է Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, կրկին բանակցություններ են տարվում, որ ուխտագնացություններ իրականացվեն։
«Ադրբեջանցիներին Աղդաբան գյուղում գուսանի գերեզման ունեն, որին ուզում են այցի գալ։ Մենք էլ առաջարկել ենք՝ Դադիվանքի դիմաց թույլ տանք։ Գործընթացը դեռ շարունակվում է», - ասել է նա։
Արցախի թեմի առաջնորդը նշել է, որ այժմ Դադիվանքում 6 հոգևորական կա, նրանք կատարում են իրենց հոգևոր գործառույթները, բայց տարածքում փակված չեն, ազատ ելումուտ ունեն։
Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հայտնել է նաև, որ օրեր առաջ 30 ուդի է այցելել Դադիվանք՝ հոգևորականներ ու քաղաքացիական անձինք։ Աղոթելուց հետո հեռացել են։